Կաթողիկոս. Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Սիրիայում Թուրքիայի գործողությունների վրա

Կաթողիկոս. Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Սիրիայում Թուրքիայի գործողությունների վրա

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և իր խորը մտահոգությունը հայտնել այնտեղ ծավալվող ռազմական գործողությունների առիթով:

Կաթողիկոսը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Սիրիայում Թուրքիայի գործողությունների վրա՝ նշելով, որ սիրիահայերի դեմ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է Հայոց ցեղասպանության մասին հուշերը:

«Վերջին ժամերին տագնապալի լուրեր ենք ստանում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման վերաբերյալ։

Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Թուրքիայի կողմից միջազգային կարգի ու օրենքի դեմ գործողությունների վրա` ակնկալելով հրատապ ու գործնական քայլեր` հետագա արյունահեղությունը կանխելու համար:

Փոքրամասնությունների` այդ թվում սիրիահայ մեր զավակների դեմ վերջիններիս ազգային ինքնության պատճառով Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց ցեղասպանության մասին հուշերը և պետք է խստագույն դատապարտության արժանանա միջազգային հանրության կողմից։

Կիսելով ցավն ու տառապանքը պատերազմի արհավիրքը ապրող Սիրիայի բարեկամ ժողովրդի, մեր եղբայրների և քույրերի` աղոթք ենք բարձրացնում առ Աստված Սիրիայում և ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության շուտափույթ վերահաստատման համար: Կատարվածը չունի որևէ արդարացում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել Սիրիայի ժողովրդին և մեր ազգի զավակներին»,-ասվում է կաթողիկոսի խոսքում:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Թել Աբյադ քաղաքում 16 հայ ընտանիք կա:Ղամիշլիի Փշեյրիե թաղամասի բնակչությունը տեղափոխվել է Ուսթա հայաբնակ թաղամաս, որտեղ ավելի ապահով է:Ղամիշլիի հայկական դպրոցները փակ են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---