Նախարար. 2019-ի 6 ամսում զբոսաշրջիկների հոսքը ՀՀ աճել է 12,3%-ով

Նախարար. 2019-ի 6 ամսում զբոսաշրջիկների հոսքը ՀՀ աճել է 12,3%-ով

PanARMENIAN.Net - Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առայժմ ամփոփված է միայն կիսամյակի կտրվածքով. այն կազմել է 770 հազար մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 12,3%-ով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա ասել է նաև, որ հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը բարելավել է դիրքը 5 կետով` գնահատվելով 79-րդը, հայտնում է Shantnews.am-ը:

Զեկույցը համեմատում է 140 երկրների 90 ցուցանիշ, որոնք դասվում են 14 խմբերում և չորս հիմնական ոլորտներում՝ Միջավայրի ակտիվացում, զբոսաշրջության քաղաքականություն և խթանող հանգամանքներ, ենթակառուցվածքներ, բնական և մշակութային ռեսուրսներ:

Նախարարն անդրադարձել է նաև այլ միջազգային վարկանիշային ցուցակներում Հայաստանի վարկանիշի փոփոխմանը: Նա նշել է, որ Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը՝ B1-ից Ba3: Վարկանիշի բարձրացման համար հիմք են հանդիսացել մակրոտնտեսական կայունությունը, կառավարության բարեփոխումների օրակարգը և դրա իրականացման հանձնառությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը և տնտեսության կառուցվածքային փոփոխությունները։

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը Մրցունակության համաշխարհային ինդեքսում բարելավել է իր դիրքերը մեկ կետով` զբաղեցնելով 69-րդ հորիզոնականը 141 երկրների շարքում: Խաչատրյանը հավելել է նաև, որ Հայաստանն առաջին անգամ գնահատվել է ՏՀԶԿ/OECD կողմից վարվող՝ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսի գնահատման համակարգում։

Ինդեքսը գնահատում է երկրում առկա սահմանափակումների մակարդակը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում։ Ներառում է 22 ոլորտ` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն և հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական և մասնագիտական ծառայություններ: Գնահատվող 70 երկրների թվում Հայաստանը օտարերկրյա ներդրումների համար սահմանված կարգավորումների բարենպաստությամբ հայտնվել է առաջին տասնյակում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ 2020-ին զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաև խոշոր բիզնեսի համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---