ՀՀ-ում քրդերը բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ դեսպանատան մոտ

ՀՀ-ում քրդերը բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքվել են Հայաստանի տարածքում ապրող քրդերն իրենց ընտանիքների, երեխաների հետ՝ դատապարտելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով սպանվում, վիրավորվում ու տարհանվում են իրենց ազգակիցները, հայտնում է Panorama.am-ը։

«Մենք կոչ ենք անում գերտերություններին մեկ անգամ գոնե թողնեն իրենց գերակա շահերը, նավթամթերքն ու ռազմամթերքը ծախելու շահերը, բռնեն թուրքերի արյունոտ ու ցեղասպան ձեռքն ու ասեն՝ հերիք է, հարյուր տարին մեկ դուք տարբեր ժողովուրդների ցեղասպանություն եք իրականացնում, այն ժողովուրդների, որոնք փոքրամասնություն են համարվել ձեր երկրում»,-հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հկ խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը:

Նա ընդգծել է, որ ուրիշ ազգերի հողերի վրա պետություն կառուցած Թուրքիան այսօր հասել է նրան, որ ազգային փոքրամասնություններին սպանում է արդեն իր երկրի սահմաններից դուրս, այս անգամ՝ Սիրիայում։

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ դեսպանատան դիմաց՝ դատապարտելու ԱՄՆ իշխանությունների ոչ ճիշտ դիրքորոշումը քուրդ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում ենք միջազգային հանրության այս լռությունը։ Անհրաժեշտ է բոլորի ջանքերի մեկտեղումը պատերազմը կանգնեցնելու համար»,-ասել է Հասանովը։

Նրա խոսքին միացել են ներկաները՝ վանկարկելով ամոթ-ամոթ։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Հոկտեմբերի 13-ին թուրքական զորքերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը Սիրիայում՝ հսկողության տակ վերցնելով մոտ 30 կմ երկարությամբ մայրուղու հատվածը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռաս էլ Այնն ու Թել Աբյադը հսկողության տակ առնելու մասին: Ավելի ուշ հայտարարվեց, որ թուրքական զորքերը գրավել են Թել Աբյադը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---