Անանյան. Երևանում մաքսատուն չի լինելու

Անանյան. Երևանում մաքսատուն չի լինելու

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Գյումրիում կառուցվող ավտոմաքսատանը վերաբերող հարցին, հայտարարել է, որ առաջիկայում Երևանում մաքսատուն չի լինելու:

Նա նշել է, որ առաջիկայում արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր պետական մարմիններին առնչվող գործառույթները՝ մեկ պատուհանի սկզբունքով, կենտրոնացվելու են հանրապետության հյուսիսում և հարավում՝ Գյումրիում և Սիսիանում, հայտնում է Shantnews.am-ը:

Նա հավելել է, որ դա կլինի մոտ 3 տարուց: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ նոյեմբերի սկզբին Գյումրիում ունենալու ենք 6 հեկտարի վրա գործող ավտոմաքսատուն՝ հագեցած բոլոր պայմաններով և տեխնիկայի վերջին ճիչով: Շինարարները 24-ժամյա ռեժիմով են աշխատում:

«Մենք Գյումրիում ավտոմաքսատուն չենք կառուցում, մենք կառուցում ենք արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը: Այդ կենտրոնից Հայաստանում պետք է լինի երկուսը՝ հյուսիսային, հարավային: Եթե պայմանական գիծ տանենք Երևանի վրայով, գծից ներքև կլինի հարավը, վերևում` հյուսիսը: Հարավի կենտրոնը լինելու է Սիսիանում, հյուսիսինը՝ Գյումրիում: Կենտրոնը կառուցվելու է շուրջ 21 հեկտարի վրա, այս պահին շուրջ 6 հեկտարն է իրացվում»,-ասել է նա:

Նա հավելել է, որ մայրաքաղաքը պետք է բեռնաթափվի:

«Արարատյան մաքսատուն չի լինելու, Երևանում մաքսատուն չի լինելու: Մեր նպատակը մաքսային գործառույթների մեջ արդյունավետությունը չէ, մեր նպատակներն ավելի հեռահար են՝ ուզում ենք տարածքային զարգացման ծրագիր իրականացնել: Սա կառավարության ծրագիրն է: Երևանից ամբողջ բիզնեսը գնալու է հյուսիս ու հարավ, մայրաքաղաքը բեռնաթափվում է»:

Անանյանը համաձայն չէ, որ մարդիկ մեծ ծախս են անելու ավտոմեքենաները մաքսազերծելու համար` հանրապետությունը երկու կետի բաժանելը կօգնի խուսափել դրանից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Գյումրիում ավտոմաքսատուն է կառուցվում: ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում մաքսատան համար հողատարածք է հատկացվել:Ավելի վաղ հայտարարվել էր, որ մաքսատունը գործելու է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---