Ոստիկանությունը զանգվածային անկարգությունների կասեցման զորավարժություն է անցկացրել (վիդեո)

Ոստիկանությունը զանգվածային անկարգությունների կասեցման զորավարժություն է անցկացրել

PanARMENIAN.Net - Ոստիկանության զորքերում զինծառայողների ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ հատուկ պատրաստության նպատակով պարբերաբար մարտավարամասնագիտական զորավարժություններ են կազմակերպվում: Հոկտեմբերի 21-ին ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի գլխավորությամբ հերթական զորավարժությունն է անցկացվել հասարակական կարգի պահպանության զորամասում:

Ըստ պայմանական իրադրության` քաղաքի բանուկ հատվածներից մեկում չարտոնված հավաքը դուրս է եկել կազմակերպիչների վերահսկողությունից, մասսայական անկարգություններ են տեղի ունենում, և հասարակական կարգը վերականգնելու անհրաժեշտություն կա: Հատուկ օպերացիայի կազմակերպումից առաջ զորամասի հրամանատարը զորքերի ղեկավար կազմին է ներկայացնում ստեղծված իրավիճակը, անկարգություններ հրահրող անձանց գործողությունների բնույթը: Որոշվում է, որ օպերացիան պետք է անցկացնի երրորդ գումարտակը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Գումարտակի հրամանատարը զեկուցում է ղեկավար կազմին, թե խմբակային խախտումների ակտիվ մասնակիցներին և կազմակերպիչներին մեկուսացնելու ուղղությամբ ինչ գործողություններ են պատրաստվում ծավալել` միաժամանակ ներկայացնելով, թե, ինչպիսի հատուկ միջոցներ ու մարտական ինչ տեխնիկա է անհրաժեշտ, ուժերի տեղաբաշխումն ինչպես է պատկերացնում:

Օպերատիվ պլանը հավանության է արժանանում: Հատուկ գումարտակն անցնում է առաջադրված խնդրի իրականացմանը: Հասարակական կարգը պայմանականորեն խախտածները նույնպես ոստիկաններ են, միայն թե` քաղաքացիական հագուկապով:

Ոստիկանների զգուշացումներին հակառակ` մասսայական անկարգությունները շարունակվում են: Կարգազանցների ձեռքին մահակներ և վառելանյութով շշեր կան: Նախազգուշացնելուց և բավարար ժամանակ տալուց հետո ոստիկանության զորքերի ծառայողները սկսում են համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա... Հասարակական կարգի խմբակային խախտումների ակտիվ մասնակիցները մեկուսացվում են և տեղափոխվում ոստիկանության տարածքային բաժիններ:

Հասարակական կարգը վերականգնված է: Հնարավոր անկարգություններից խուսափելու համար ոստիկանները փշալարերով փակում են փողոցը` ենթադրյալ փողոցը:

Միջոցառումից անմիջապես հետո հրամանատարական կազմը ամփոփել է զորավարժության արդյունքները: Մարտական առաջադրանքը կատարված էր:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---