Հացադուլից հետո մահացած Մհեր Եղիազարյանի գործը դեռ նախաքննության փուլում է՝ առանց մեղադրյալների

Հացադուլից հետո մահացած Մհեր Եղիազարյանի գործը դեռ նախաքննության փուլում է՝ առանց մեղադրյալների

PanARMENIAN.Net - «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար տարվող նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով մեղադրյալ և դատավարական կարգավիճակ ունեցողներ չկան: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

2019 թվականի հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 06:30-ին, քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնար հիվանդասենյակում հանկարծամահ է եղել 2018թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հացադուլ իրականացրած և վերականգնողական փուլ անցնող կալանավոր Մհեր Եղիազարյանը: ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամաբ՝ նշանակված դատաբժշկական փորձաքննության շրջանակում պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից:

Մհեր Եղիազարյանը հացադուլ էր սկսել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության, մինչև 2019 թվականի հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը), պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում:

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ 2015 թվականի գարնանը, աշխատելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում որպես մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ՓԲԸ-ում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՍՊ ընկերություններից մեկի տնօրենին կեղծ խոստում տալով՝ պահանջել և խաբեությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---