Փաստաբան. Գագիկ Խաչատրյանին կալանքից չազատելը նաև քաղաքական դրդապատճառ ունի

Փաստաբան. Գագիկ Խաչատրյանին կալանքից չազատելը նաև քաղաքական դրդապատճառ ունի

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ազատ արձակման միջնորդության մասին որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին լրագորողների հետ ճեպազրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ վարույթ իրականացնող մարմինը խոչընդոտել է Խաչատրյանի՝ հետվիրահատական պարտադիր բուժմանը:

Փաստաբան Սարգսյանը նշել է, որ Խաչատրյանին կալանքից չազատելու որոշումը նաև քաղաքական դրդապատճառ ունի և նրան կալանավորելու խնդիր կար:

Նրա խոսքով՝ կալանքից ազատ արձակման միջնորդության քննարկման ժամանակ դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները հիմնավորել են, թե ինչու պետք է անձը կալանքի տակ մնա:

«Նրանց հիմնավորումն ըստ էության նույնն է, որ ազատության մեջ լինելու դեպքում Խաչատրյանը կթաքնվի վարույթ իրականացնող մարմիններից, կխոչընդոտի գործի քննությանը, իսկ իրենք դեռևս ծավալուն գործեր ունեն անելու և գտնում են, որ ոչ գրավը կարող է պատշաճ վարքագիծ ապահովելու երաշխիք լինել»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ 2016-ից Խաչատրյանը պաշտոնյա չէ, չի կարող ազդել ներկայիս իշխանությունների վրա և հետվիրահատական պարտադիր բուժման մեջ գտնվելու ընթացքում Հայաստան է եկել քննիչի մեկ զանգով՝ հուսալով, որ հետագայում մեկ շաբաթով թույլ կտան բուժում ստանալ: Սարգսյանի խոսքով՝ մեկ շաբաթով բժշկական հետազոտություն անցնելու միջնորդությունը ձգձգվել է, նշանակվել է բժշկական կոնսլիում, որի պատասխանները ուշ են տրվել, իսկ այդ ընթացքում բժշկի կողմից ահազանգեր են եղել՝ բուժումը չշարունակելու դեպքում կրկնակի վիրահատության և դրա հետևանքների մասին: «Հուլիսի 4-ի եզրակացությունը տրամադրվեց սեպտեմբերի 9-ին, պարզվեց որ այդ եզրակացության հիման վրա անձը կարող էր մեկնել արտերկիր բուժվելու»,-ասել է Սարգսյանը:

Փաստաբանը հղում է արել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին, որը, ըստ նրա, հստակ սահմանում է վատ վերաբերմունքի և խոշտանգման արգելքը, նշելով, որ վատ վերաբերմունք է նաև այն, որ պետությունը՝ իմանալով որ անձն ունի առողջական խնդիրներ, չի կատարում իր պարտավորությունը:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---