Վարչապետ. Նախարարներ կան՝ 3 նախարարի աշխատանք են անում

Վարչապետ. Նախարարներ կան՝ 3 նախարարի աշխատանք են անում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի հարցին, անդրադարձել է վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկությանը:

Նա հայտարարել է, որ որոշման արդյունքում ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն են բարձրացել, ոմանց աշխատավարձն իջել է՝ հավելելով, որ նախարարներ կան 3 նախարարի աշխատանք են կատարում, հայտնում է Shantnews.am-ը:

«Եթե հիշում եք, անցյալ տարի պարգևատրումային սկանդալի արդյունքում նաև այս դահլիճում քննարկում ենք ունեցել, արձանագրել ենք, որ որոշակի անհամամասնություն կա, արդյունքում ոմանցը իջել է, ոմանցը բարձրացել: Խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան: 2019թ. բյուջեի քննարկումների արդյունքում այս ամբիոնից ասել եմ՝ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեին մի քանի մարմիններ, հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար պարգևատրումների ֆոնդ եմ սահմանում: Դուք իմացել եք և քննարկել»,- ասել է նա:

Փաշինյանը հիշեցրել է՝ ԱԺ ամբիոնից պարգևատրումային սկանդալի ժամանակ պաշտպանել է այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, նաև հայտարարել է, որ ԱԱԾ-ում, ոստիկանությունում և այլ մարմիններում պարգևավճարները փաստացի բարձրացրել են, ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս պարգևատրումային ֆոնդերը նախատեսված են եղել: Վարչապետը նաև նշել է՝ որոշումը նպատակ է ունեցել դուրս բերել այն անհարմար վիճակից, երբ պաշտոնյան ինքն իրեն պետք է պարգևատրում նշանակի: Կառավարության ղեկավարը հիշեցրել է՝ հանրության հետ և ԱԺ-ում բավարար չափով քննարկում են ունեցել, որ այդ հարցը լուծեն:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է գաղտնի եղել հանձնարարականը՝ վարչապետն ասել է. «Ներքին աշխատանքային ընթացակարգային հարցեր են եղել, ի վերջո, եկեք արձանագրենք մի բան նաև, որ նախարարությունների միացում ենք ունեցել, նախարարներ կան, որ երեք նախարարի աշխատանք են անում»:

Ավելի վաղ «Հետք»-ի հրապարակումից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։Պաշտոնյաների աշխատավարձերի գրեթե կրկնակի բարձրացումը մեծ աղմուկ է հանել հանրության շրջանում և տարբեր գնահատականների արժանացել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---