Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը մոտ 3 մլրդ դրամ է փոխանցել պետությանը

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը մոտ 3 մլրդ դրամ է փոխանցել պետությանը

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար Վ.Ղազարյանին ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել, թեև դեռևս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին։

2018 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց առ այն, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության ընթացքում հայտնաբերվել են հանցավոր մի շարք դրսևորումներ, որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։ Արդյունքում՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նկատի ունենալով, որ համալիրի փաստացի սեփականատիրոջ Ռուզաննա Բեգլարյանի և նրա ամուսնու՝ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում ՀՔԾ-ում։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՔԾ՝ պարզելու, թե շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքում հիմնավորվել են արդյո՞ք հարկային չարաշահումների վերաբերյալ նախնական տեղեկությունները, որքա՞ն է կազմում պատճառված իրական վնասը, եթե այդպիսիք կա և ո՞ւմ են մեղադրանք առաջադրել։ Բացի այդ՝ խնդրել էին հայտնել, թե արդյո՞ք Վ.Ղազարյանին և նրա կնոջը այդ դրվագով մեղադրանք առաջադրվել է։

ՀՔԾ-ի պաշտոնական պատասխանից հետևում է, որ հարկային չարաշահումների համար ոչ Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), ոչ էլ նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել։ Ավելին՝ նախաքննական մարմինը պարզապես շրջանցել է հարկային չարաշահումների թեման։

«Ի պատասխան Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար»,- նշված է պատասխանում: Նկատենք, որ նշված հոդվածները վերաբերում են հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու հանցակազմերին։

Մինչդեռ այս հատկանիշներով քրեական գործի հարուցման մասին հայտարարվել էր դեռևս հարկային չարաշահումների բացահայտումից ամիսներ առաջ՝ 2018 թվականի հունիսի 22-ին, երբ Վաչագան Ղազարյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։

Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Վաչագան Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին հայտարարվեց 2018 թվականի հունիսի 27-ին, իսկ կնոջը մեղադրանք է առաջադրվել նույն տարվա օգոստոսի 3-ին։

ՀՔԾ-ի 2019 թվականի հոկտեմբերի 23-ի գրավոր պատասխանից հետևում է, որ Վ.Ղազարյանին և նրա կնոջը առաջադրված մեղադրանքների ծավալում փոփոխություն տեղի չի ունեցել։ Հետաքրքիրն այն է, որ թեև հարկային չարաշահումների մասով ՀՔԾ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրել, սակայն, պարզվում է, վերականգնում եղել է։

Մասնավորապես՝ նույն գրավոր հարցմամբ խնդրել էինք նաև պատասխանել, թե արդյոք հարկային չարաշահումների վերաբերյալ քրեական գործով պատճառված վնասը վերականգնվել է, թե ոչ, եթե այո, ապա ինչ ծավալով և ում կողմից։

ՀՔԾ-ն, նշելով, որ միակ մեղադրյալները Վ.Ղազարյանն ու նրա կինն են, ավելացրել է. «Նախաքննության ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 850 մլն ՀՀ դրամ»։ Նշված գումարը հարկային չարաշահումների հետևանքով պատճառված վնասի վերականգնում է, թե ապօրինի հարստացման դրվագով՝ ՀՔԾ-ն չի հստակեցրել։

Նախաքննությունը շարունակվում է։

Վաչագան Ղազարյանը և իր կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, միասին հայտարարագրել են ընդամենը մոտ $160.000: Այնինչ նրանց մոտ հայտնաբերվել էր $10 մլն-ի գույք ու դրամական միջոցներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---