Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կանցնի հոկտեմբերի 29-ին

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կանցնի հոկտեմբերի 29-ին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի հոկտեմբերի 29-ի երեկոյան: 296 բանաձևի համահեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը համոզված է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից քայլ կլինի ճիշտ ուղղությամբ:

Դեմոկրատ կոնգրեսականը նշել է, որ դա Կոնգրեսի բոլոր թևերում գտնվող օրենսդիրների միասնական աշխատանքի արդյունքն է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Կարծում եմ, Միացյալ Նահանգներն ունի նաև շատ կարևոր բարոյական պարտավորություն՝ պարզ և ազնիվ խոսել 1915-1923 թվականներին մեկ և կես միլիոն հայերի դիտավորյալ ոչնչացման մասին: Բանաձևը, ընդունվելու դեպքում, նախատեսում է նաև կրթական ծրագրերի շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների տարածում ԱՄՆ-ի բոլոր պետական դպրոցներում»,-ասել է նա:

Բանաձևի ընդունման դեմ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը, որի կարծիքով «1915 թվականի իրադարձությունների մասին պնդումները հիմնված չեն իրավական կամ պատմական փաստերի վրա»: Կոնգրեսական Ադամ Շիֆը սակայն կասկածում է, որ թուրքական կողմի փաստարկներն այս անգամ լսելի կլինեն Կոնգրեսի մեծամասնության կողմից:

«Կարծում եմ, Կոնգրեսի անդամները կուշտ են Թուրքիայի պահվածքով, գործողություններով, որոնք հակասում են ԱՄՆ-ի շահերին: Այնպես որ, եթե նախկինում Կոնգրեսի որոշ անդամներ հաշվի էին առնում Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, որը սխալ քայլ էր, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական կշիռը, ապա վաղը թուրքական լոբբին կոնգրեսում շատ կողմնակիցներ չի գտնելու»,-ասել է Շիֆը:

Անդրադառնոլով Հայաստանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությանը՝ Ադամ Շիֆն ընդգծել է՝ Հայաստանի «Թավշյա հեղափոխությունից» ի վեր տեղի ունեցած զարգացումները փայլուն հնարավորություն են բացում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման համար:

«Ես շատ տպավորված եմ վարչապետով: Գիտեմ, Հայաստանում շատ ոգևորող ժամանակներ են թե Հայաստանի քաղաքացիների և թե ԱՄՆ-ի հայ համայնքի համար, տեսնում եմ նոր կառավարության վերաբերյալ այդ լավատեսությունը: Ես բարձր եմ գնահատում վարչապետի քայլերը, ով բերել է տեխնոկրատների թիմ և փորձում է հաղթահարել Հայաստանի առջև եղած բոլոր խնդիրները, այդ թվում և կոռուպցիան»,-ասել է Շիֆը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---