BBC-ի ռուսական ծառայություն. Ինչու ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

BBC-ի ռուսական ծառայություն. Ինչու ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին բանաձև է ընդունել, որով ցեղասպանություն է ճանաչում հայերի 1915-ի կոտորածը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ նշելով, որ մինչ այդ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը զգուշացրել էր, որ դա կթունավորի քաղաքական մթնոլորտը Թուրքիայի և ԱՄՆ միջև:

Ինչպես գրում է պարբերականը բրիտանական Conciliation Resources կազմակերպության Հարավային Կովկասի գծով փորձագետ և Կովկասի ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրոերսի վրա հղումով, Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հսկայական խորհրդանշական նշանակություն ունի, սակայն, անմիջական ազդեցություն չի ունենա Պետդեպարտամենտի և ԱՄՆ դիվանագետների դիրքորոշման վրա:

Նա նշել է նաև, որ եթե նախկինում ցեղասպանության ճանաչումը ստորադասվում էր Թուրքիայի հարցում արտաքին քաղաքականության նկատառումներին, ապա այժմ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բանաձևի օգտին՝ նույն այդ նկատառումներից ելնելով:

«Սակայն, ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը չի մոտեցնում վերջնանպատակին՝ Թուրքիայի պատրաստակամությանը քննադատաբար մոտենալու սեփական պատմությանը: Իսկ այսօրվա աշխարհաքաղաքական ենթատեքստում բանաձևի ընդունումը կարող է դիտարկվել որպես Թուրքիային պատժելու փորձ»,-ասել է փորձագետը:

Իր հերթին BBC-ի թուրքական ծառայության լրագրող Իրեմ Քոքերը նշել է, որ «Թուրքիայի հանդեպ աճող թշնամանքն ԱՄՆ Կոնգրեսում սկսվեց դրսևորվել Սիրիա թուրքերի ներխուժումից հետո, որն ուղղված էր քրդերի դեմ»:

Պարբերականը նաև նշում է, որ Անկարան չափազանց բացասաբար է արձագանքում Ցեղասպանության ճանաչմանը: Քվեարկության նախաշեմին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Ղըլիչը կոչ էր արել կոնգրեսականներին հրաժարվել բանաձևն ընդունելու մտադրությունից և սպառնալիքի տակ չդնել Թուրքիայի և ԱՄՆ գործընկերությունը, որոնք կապված են ռազմական դաշինքով ՆԱՏՕ-ի շրջանակում:

Քոքերը կարծում է, որ իրականում այդ բանաձևի ընդունումը հազիվ թե էական ազդեցություն ունենա երկկողմ հարաբերությունների վրա: Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի ինստիտուտի գիտաշխատող Գյունեյ Յիլդիզը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե շատ վատթարանան քվեարկության պատճառով, քանի որ առանց այդ էլ այնքան ցածր մակարդակում են, որ Ցեղասպանության ճանաչումը միայն կդանդաղեցնի դրանց վերականգնումը:

«Ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից մի մեծ նվեր էր Էրդողանին, սակայն նույնիսկ դա չնպաստեց ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը,-ասել է Յիլդիզը:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---