ՀՖՖ. Ազգային հավաքականը դեռ մարզիչ չունի, հարցը քննարկվում է

ՀՖՖ. Ազգային հավաքականը դեռ մարզիչ չունի, հարցը քննարկվում է

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դեռ նշանակում չկա, ընթանում են քննարկումներ: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասարակայնության հետ կապեր բաժնի ղեկավար Հայկ Կարապետյանը:

ՀՖՖ-ից հերքեցին լուրը, թե հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում պատրաստվում են նշանակել հավաքականի ֆիզպատրաստության գծով մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանոյին: Անդրադառնալով վերջինիս հնարավոր նշանակման մասին լուրերին՝ Կարապետյանը նշեց, որ համաշխարհային պրակտիկայում չկա նման պրակտիկա, որ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվի ֆիզպատրաստության գծով մարզիչը, քանի որ այդպիսի դեպքերում մարզչի հետ ևս մեկ հոգի պետք է աշխատի:

Կարապետյանի խոսքով, այս պահին Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակված չէ, սակայն, առաջիկա 2 հանդիպումներին ընդառաջ՝ թիմը կունենա կամ մարզիչ կամ մարզչի պաշտոնակատար:

ՀՀՖ-ից չմեկնաբանեցին տարածված լուրն այն մասին, որ «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը մերժել է հավաքականը գլխավորելու առաջարկը՝ հիշեցնելով, որ Չախալյանը գլխավոր մարզչի օգնականի պաշտոնն է զբաղեցնում այս պահին:

Telegram-ի Notes of the Dark Knight ալիքի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար կնշանակվի հավաքականի Խավիեր Մինյանոն: Նշվում է, որ ՀՖՖ-ն հակված է այս թեկնածությանը, քանի որ այլ տարբերակներ այս պահին, ըստ էության, չկան:

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանց հրաժարական էր տվել: Հրաժարականի պատճառն այն էր, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---