Վազգեն Մանուկյան. Մեր հասարակությանն այսպես բզկտված դեռ չէի տեսել

Վազգեն Մանուկյան. Մեր հասարակությանն այսպես բզկտված դեռ չէի տեսել

PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հայ հասարակությանն այսպես բզկտված դեռ չէր տեսել:

«Իրար նկատմամբ թույնով լցված, իրար նկատմամբ մատնություններ անելով»,-ասել է նա: Մանուկյանը նշել է նաև, որ անարժեք մարդիկ հետապնդում են շատ ավելի արժեքավոր մարդկանց, որոնց ջանքերով այս պետությունն արդյունքների է հասել, հայտնում է Panorama.am-ը:

Նա օրինակ է բերել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը: «Մեր լավագույն բժիշկներից մեկի նկատմամբ, մեր պարծանքի, որով հպարտանում ենք աշխարհում, ստորակետի պատճառով՝ ճիշտ է, թե սխալ է դրել, չեմ էլ իմանում, քրեական գործ են բացում: Արցախի պաշտպանության նախարարին են հանում, իրենց կարծիքով՝ ինչ-որ մի նախադասություն ճիշտ չի ասել, որը լավագույն նախարարներից էր»,- ասել է ՀԽ նախագահը:

Մանուկյանն ասել է նաև. «Հոկտեմբերի 27-ի գործը… Մի խայտառակություն էլ դա է: Քաղաքական գործ են բացում ամենաամոթալի ձևերով, անարժան մարդկանց ձեռքերով: Եթե դատական որոշումները վերանայելու հարց կա, խնդրեմ, պետք է բացել, սկսել նայել, բայց այն, ինչ կատարվում է, խայտառակություն է»:

Քաղաքական գործչի խոսքով, այս պայմաններում հասարակությունը պետք է լիներ կոնսոլիդացված, Հայաստանը պետք էր դարձնել ժողովրդավարական մաքուր երկիր:

«Կարելի՞ է վիճակը լավացնել: Իհարկե, կարելի է, բայց դա իշխանությունից պահանջում է կտրուկ փոխել այն քաղաքականությունը, որ իրենք վարում են երկրի ներսում՝ ազատվել հեղափոխական փրփուրից։ Միշտ հեղափոխությունից հետո փրփուր է առաջանում, լինում են անարժան մարդիկ, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Կկարողանա՞ անել դա իշխանությունը: Չեմ իմանում: Այս հարցի լուծումը միայն իշխանությունից չի կախված, կախված է նաև հասարակությունից: Հասարակությունն ի՞նչ խնդիրներ է դնում իր առջև, ի՞նչ խնդիրներ է դնում իշխանության առջև, ո՞նց է կարողանում ազդել իշխանության վրա», - ասել է Մանուկյանը:

Հանրային խորհրդի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի անվտանգությունն էապես կախված է նրանից, թե ինչպիսի ներքին իրավիճակ է Հայաստանում:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին, որտեղ վերջինս խնդրել է վարչապետին ազատել Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից՝ Մանուկյանն ասել է. «Եթե իշխանությունները համաձայն չեն իմ հետ, չեն ուզում ինձ տեսնել Հանրային խորհրդի նախագահ, ցանկացած պահի վարչապետը կարող է հրավիրել, ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող, նույն պահին ես դուրս կգամ: Քանի որ այդպիսի հարց է առաջացել, ես կարող է մոտ օրերս նախաձեռնեմ, հանդիպեմ վարչապետին, միասին քննարկենք հետագա գործունեությունն իմաստ ունի՞, թե՞ ոչ», հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Սակայն, Մանուկյանին հնարավոր չէ պաշտոնանկ անել մինչև 2020-ի ապրիլը, երբ կլրանա նրա պաշտոնավարման 1 տարին:

Մանուկյանը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ է 2009 թվականի մարտից: Նա վերանշանակվել է պաշտոնում 2019-ի ապրիլին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---