Սերժ Սարգսյան. Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, թող ձերբակալեն

Սերժ Սարգսյան. Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, թող ձերբակալեն

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր անձի հետ կապված վախենալու որևէ բան չունի։ Այդ մասին, News.am-ի հաղորդմամբ, նա հայտարարել է Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո՝ պատասխանելով շրջանավարտներից մեկի հարցին, թե արդյոք չի վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի։

«Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն», - նշել է նա:

Այնուամենայնիվ, Սարգսյանն ասել է՝ ոչինչից չի վախենում միայն կատարյալ հիմարը։

«Ես 1988 թվականից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասին համար։ Բայց տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով։ Ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»,- ասել է Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, որոնք ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները՝ հավելելով, որ ինքը որոշում փոխող չէ, երբեք չի փոխել իր որոշումը։

«Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան մեծանա, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն»,-եզրափակել է Սարգսյանը՝ հավելելով, որ ավելին չի ուզում ասել, քանի որ ՀՀ քաղաքացիների հետ խոստացված պարզ և անկեղծ զրույցի ժամկետը մոտենում է։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---