Վարդահովիտում վայրի ծառատեսակներ են տնկվել

Վարդահովիտում վայրի ծառատեսակներ են տնկվել

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով, Հայաստանի տարբեր մարզերում, բնապահպանական կարևոր և լուրջ գործընթաց է ծավալվում ավելի քան 15 տարի:

Գործընկերներն այս անգամ ծառատունկ են իրականացրել Վայոց ձորի մարզի Վարդահովիտ բնակավայրում՝ տեղի երբեմնի անտառապատ տարածքները վերականգնելու համար: Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով էլ՝ տեղադրել են մարդկանց և կենդանիների համար անվտանգ, շարժական «էլեկտրական հովիվներ»:

Ծառատունկն իրականացվել է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում. փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակում։ Մինչև տարեվերջ ավելի քան 15 000 ծառ կտնկվի Արարատի և Վայոց ձորի մարզերում:

Տնկվող վայրի ծառատեսակները՝ տանձենին, նշենին և փշատենին, աճեցված են Հայաստանի համար բոլորովին նոր, փորձարարական տեխնոլոգիայով: Դա թույլ է տալիս անտառից հավաքված սերմերից ստանալ առողջ տնկիներ։ Ծառատունկն իրականացվել է կոնկրետ սկզբունքով. ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին հատուկ և պտղատու ծառեր: Այդպիսով, փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի լուծմանը և անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել կենդանական աշխարհի համար:

«Հստակ չեմ հիշում, թե արդեն որերորդ ծառն եմ տնկում, բայց կարող եմ ասել, որ կյանքը պահանջում է նվիրում: Եթե մենք ցանկանում ենք ապրել առողջ, գեղեցիկ, մաքուր և անվտանգ միջավայրում, ապա պետք է լինենք ոչ թե միայն սպառող, այլև ներդրում կատարող: Խոսքը միայն ֆինանսական ներդրման մասին չէ: Հոգատարությունն ու խնամքը, աշխատասիրությունն ու հետևողականությունը ևս կարևոր են: Իսկ երբ այդ արժեքների շուրջ լինում է նաև համախմբում՝ արդյունքն ավելի շոշափելի է լինում: Ուրախ եմ արձանագրել, որ մեր թիմերն ու աշխատակիցները վաղուց առաջնորդվում են այդ սկզբունքով՝ դրական օրինակ հանդիսանալով երիտասարդության համար: Ամեն ծառ նոր կյանքի խորհրդանիշ ու առողջ միջավայրի երաշխիք է: Հոգ տարեք միջավայրի մասին. դա շատ կարևոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Իրականացվող ծրագրի շրջանակում, հիմնվել է նորարարական տնկարան: Այստեղ տնկիներն աճեցվում են սերմերից և ամբողջ տարի հետևողական աշխատանք է տարվում աճեցման գործընթացի խիստ ու հստակ պահանջները պահպանելու համար: Արդյունքում՝ հնարավոր է լինում ստանալ կենսունակ, առողջ և տվյալ բնակավայրի կլիմայական պայմաններին դիմակայելու ունակ տնկիներ։ Այս տեխնոլոգիան գնահատվել և հաջողված է համարվել ԱՄՆ անտառային ծառայության և Օրեգոնի անտառագիտության և անտառատնտեսության համալսարանի դեկան Էնթոնի Դեվիսի կողմից։ FPWC-ն նրա հետ արդեն իսկ ձեռք է բերել կարևոր համաձայնություն. 2020 թվականից սկսել աճեցման տեսանկյունից բարդ՝ կարմիրգրքային ծառատեսակների աճեցման տեխնոլոգիայի մշակման ու իրականացման ծրագիր։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---