Նոր Գեղիի փողոցները դեռ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով են մնում

Նոր Գեղիի փողոցները դեռ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով են մնում

PanARMENIAN.Net - Նոր Գեղի համայնքի փողոցներն անվանափոխելու հարցը կրկին կուղարկվի Վարչական դատարան: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասացին Կոտայքի մարզպետարանից: Մինչ այդ համայնքի փողոցները կշարունակեն կրել նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունն այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը համայնքի ավագանու համապատասխան որոշումը անվավեր չի ճանաչել:

2019թ. հունիսի 28-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը համայնքի փողոցներն անվանփոխելու պահանջով դիմել էր ՀՀ վարչական դատարան: Մարզպետի հայցադիմումը հուլիսի 15-ին հետ էր վերադարձվել, հուլիսի 25-ին Ռոմանոս Պետրոսյանը հայցադիմումը կրկին ներկայացրել էր դատարան՝ կցելով նաև միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին: ՀՀ վարչական դատարանը 2019 թվականի օդոստոսիի 5-ին մերժել էր միջնորդությունը և հայցադիմումի վարույթ ընդունումը: Պետրոսյանը 2019թ. օգոստոսի 16-ին վերաքննիչ բողոք էր բերել ՀՀ վարչական դատարան՝ միջանկյալ դատական ակտի դեմ, այս բողոքը հոկտեմբերի 3-ին բավարարվել էր: Սա նշանակում է, որ հայցադիմումը կրկին կուղարկվի Վարչական դատարան:

Մարզպետարանից ասում են՝ իրենք բողոքարկել են վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը, ոչ թե, ըստ էության, գործը քննող ակտը՝ նշելով, որ հայցադիմումը մերժվել էր ժամկետների պատճառով:

«Սա նշանակում է, որ Վերաքննիչը գործը նորից կուղարկի Վարչական դատարան, Վարչական դատարանը գործը նորից կընդունի վարույթ, թե ինչ իրավակարգավորումներ կգնան, հետագայում կհասկանանք»,-ասացին մարզպետարանից:

Պատասխանելով հարցմանը, թե եղել են արդյոք արտադատարանական քննարկումներ կամ գործընթացներ՝ Կոտայքի մարզպետարանից տեղեկացրին, որ իրենք 2 անգամ դիմել են Նոր Գեղի համայնքի ղեկավարին՝ վիճարկվող որոշումը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու առաջարկով, բայց ավագանու որոշումներով այդ դիմումները մերժվել են:

Նոր Գեղիի նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանը, ծննդյան 72-ամյակի առթիվ, իր անունով էր դարձրել համայնքի Երևանյան փողոցը՝ հարակից բոլոր նրբանցքներով ու փակուղիներով։ Թևոսյանը ծննդյան 65-ամյակի կապակցությամբ իր անունով էր դարձրել նաև գյուղի արվեստի դպրոցը։ Ֆրոնտիկ Թևոսյանը 33 տարի ղեկավարել է Նոր Գեղի համայնքը՝ 1985-ից մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը:

 Ուշագրավ
«Այս պահին դեպքի վայրում օպերատիվ խմբերն են աշխատում», - ասացին ոստիկանությունից։
Վարչապետն ասում է՝ ծննդատների հարցով ռազմավարական պատկերացումներ է պետք մշակել
Մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք
Ոստիկանությունից հայտնեցին, որ անհրաժեշտ փորձաքննություններ են անում