Իսկ կարող ա՞ դուք եք սատանան

Իսկ կարող ա՞ դուք եք սատանան

PanARMENIAN.Net - Մի ուրվական է պտտվում քաղաքում՝ Սատանայի ուրվականը։ Խաղող ճխլելու պատճառով համերգ են խանգարում՝ ասելով, թե «սատանիզմ է», ու մի պատգամավորը դիմում է կրթության ու մնացածի նախարարություն պարզաբանում պահանջող հարցումով։ Հետո մի սփյուռքահայ խորը հիասթափվում է տիկնիկայինում ինքնակոչ «սատանիստների» համերգից, քիչ է մնում՝ տապալի այն, ու երկու այլ պատգամավոր են իրար խառնվում, կրթության ու մնացածի նախարարից փորձում բացատրություն ստանալ։ Հետո կրթության ու մնացածի նախարարն ասում է՝ սատանիզմ լինի թե ինչ լինի՝ իշխանությունը ցենզուրա չի անելու, ու ընդդիմությունից էլի ապշում են՝ էս ո՞նց է, բա ինչի՞ չեք ցենզուրա անում, այ իշխանություն։ Հետո 2 աղջիկ Հրապարակի մետրոյի շատրվաններւմ ինչ-որ պերֆորմանս են անում՝ պառկած ինչ-որ բան արտասանելով, իսկ հավաքվածները նրանց խանգարում են՝ անվանելով շեղված սատանիստներ։ Վերջում էլ մետրոյի մոտ «սատանիստների» ու «ազգապահպանների» միտինգ է, մեկին քաղմաս են տանում, նա էլ պարզաբանում է պահանջում կրթության ու մնացածի նախարարից։

Կողքից այս ամենն ուղղակի խնդալու է։ Ճիշտ մինչ այն պահը, երբ հիշում ես, որ լուրջ ու մտահոգ դեմքի արտահայտությամբ երկիրը գժանոցի վերածող մարդիկ ապրում են քո հետ նույն քաղաքում ու գժանոցի են վերածում հենց քո կենսական միջավայրը: էդ պահին ամեն ինչ դադարում է լինել ուրախ ու դառնում է տխուր։

Լավ, հասկացանք՝ շատերի համար կարդալը բարդ է, ֆեյսբուքի see more-ի սահմանը հատող ամեն ինչ erkar e, թեև մեկ-մեկ բաներ կան, որ arzhe kardal: Բայց գոնե մուլտֆիլմեր նայել արժե։ Ասենք, էս մեկը․ հիիի՛ն, «Հայֆիլմի» «Հայելին», որտեղ պատկերել ու հեգնել են մե՛զ, մե՛ր էսօրվա երկիրը՝ ամեն նոր ու անծանոթ բան սեփական արշինով չափող, «սատանա կա քաղաքում» ու «մարդակեր գազան է» բղավող, ու ինքներս մեզ մեր արտացոլանքում չճանաչողներիս։

Իմ ուղեղին, օրինակ, խորթ է փչացած շարտվանում բանաստեղծոթյուն կարդալը։ Խորթ է, դուր չի գալիս՝ վերջ։ Բայց, մյուս կողմից, ի՞նչ է արվեստը, եթե ոչ Մանարյանի, Սահակյանցի ու այլոց պատկերած «հայելին»՝ անծանոթ, նոր մի աշխարհ, որի միջոցով աշխարհին նայելով պիտի մի քիչ ավելի լավ ճանաչես թե աշխարհը, թե մարդկանց, թե ինքդ քեզ։

Այդ՝ ինքնաճանաչման տեսակետից, ու հիմնականում ակցիան տապալելու շնորհիվ, անգամ շատրվանում բանաստեղծություն կարդալն է դառնում արվեստ։

Մեղավոր ե՞ն էդ մարդիկ, որ հայելու մեջ նայելիս ոմանք մեկ-մեկ էլ սատանա են տեսնում։

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ուշագրավ
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»
Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» կարգախոսով
Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով