4 նոյեմբերի 2019 - 11:44 AMT
ԿԳՄՍՆ-ն 2,7 մլն դրամ է հատկացրել Հրապարակի մետրոյի տարածքում բեմադրությանը

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած պերֆորմանսի համար ԿԳՄՍ նախարարությունը 2,7 մլն դրամ է հատկացրել, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը 2019-ի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։ Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ կնքված պայմանագրում։

«Դրամաշնորհը կազմում է 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը: Որքանով են ներկայացման հետ կապված մասնագիտական հանձնաժողովի սպասելիքներն արդարացել, կիմանանք, երբ կազմակերպիչները սահմանված կարգով կներկայացնեն ոչ ֆինանսական և ֆինանսական արդյունքները։ Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումեր»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Հանրության շրջանում լուրեր էին շրջանառվում, թե ներկայացումը ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզ է իրականացնում:

Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ` «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ Մի երիտասարդ, որը ներկայացրել է որպես Նարեկ Սարգսյան, փորձել է «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա՝ ասելով, որ նրանք սատանիստներ են: Նրան բերման են ենթարկել: