ՃՏՊ-ից հետո ճանապարհի երթևեկելի հատվածը չվերականգնելու դեպքում կարող է տուգանք սահմանվել

ՃՏՊ-ից հետո ճանապարհի երթևեկելի հատվածը չվերականգնելու դեպքում կարող է տուգանք սահմանվել

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Այս մասին հաղորդում է «Փաստ» օրաթերթը՝ հավելելով, որ նախագծում նշվում է, որ թե՛ նշված օրենքում, թե՛ վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհներին խցանումների վերացման անհրաժեշտությամբ:

Այս նախագծի կարգավորումներով փորձ է արվելու ավտովթարների ժամանակ հնարավորինս արագ վերականգնել ճանապարհի երթևեկելի հատվածը: Նախագծով առաջարկվում է՝ եթե ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսելով տրանսպորտային միջոցների դիրքը միմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է նաև լրացում կատարել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհի երթևեկելի մասը չազատելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ, կհանգեցնի տուգանքի` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Ըստ այս նախագծի հիմնավորման՝ օրենքներում կատարվող նմանատիպ փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքերը, կնվազեն պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները։ Առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետը շարադրել նոր խմբագրմամբ: Մասնավորապես՝ եթե քաղաքացին դառնա ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, նա պետք է անմիջապես կանգնեցնի տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով՝ միացնի վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժի ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները:

Եթե պատահարի հետևանքով կա զոհ կամ վիրավոր, ապա պետք է անհապաղ ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, շտապ բուժօգնություն կամ մասնագիտացված այլ ծառայություն և ոստիկանություն հայտնելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ տրանսպորտային սեփական միջոցով տուժածներին տեղափոխի մոտակա բուժհիմնարկ՝ այնտեղ հայտնելով իր տվյալները, ինչից հետո վերադառնա պատահարի վայր:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---