«Սպայկան» դեռ չի ստացել եզրակացությունը, որով արգելվել է բեռնատարների մուտքը ՌԴ

«Սպայկան» դեռ չի ստացել եզրակացությունը, որով արգելվել է բեռնատարների մուտքը ՌԴ

PanARMENIAN.Net - «Սպայկա» ընկերությանը պատկանող մեքենան, որը բեռնված է եղել ընդհանուր առմամբ 21 տոննա պանրով, Վերին Լարսի մաքսակետում 24 օր մնալուց հետո հետ է վերադարձել Հայաստան, քանի որ մաքսատանն արգելել են բեռը Ռուսաստանի Դաշնության տարածք ուղարկել: «Սպայկա» ընկերության իրավաբան Մհեր Ղազարյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 8-ին իրենք դիմել են փորձագիտական եզրակացությունը ստանալու համար, սակայն մինչ օրս պատասխան չունեն:

Նոյեմբերի 1-ին ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին, որ չեն կարող բաց թողնել պանիրը ՌԴ տարածք և հետ են ուղարկելու բեռը Հայաստան, քանի որ էլեկտրոնային փոստով ստացել են փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի ծագման երկիրը նշվել է ՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»:

Ղազարյանի խոսքով՝ պանրի վրա բուն ծագման երկիրը նշված է Հայաստանը, հասկանալի չէ, թե ինչպես է հայկական պանիրը դարձել եվրոպական:

«ԵԱՏՄ օրենսդրության համաձայն՝ ԵԱՏՄ մաքսային մարմինները տեղում պետք է տրամադրեն փորձագիտական եզրակացությունը,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ որոշակի ռիսկերից ելնելով, մաքսային մարմինն իրավունք ունի փորձաքննություն իրականացնել, սակայն իրենց պանիրների վրա նշված է եղել ծագման երկիրը:

Ղազարյանը նշեց նաև, որ տվյալ պահին «ծագման սերտիֆիկատ» կոչվող փաստաթուղթը վարորդների մոտ չի եղել, քանի որ 2019-ի ամռանը 15 տոննա նույն ապրանքատեսակից անարգել ուղարկվել է ՌԴ:

Իրավաբանի խոսքով՝ հարցով զբաղվում է նաև էկոնոմիկայի նախարարությունը: Ղազարյանը չնշեց ընկերության կրած կոնկրետ վնասի չափը՝ հավելելով, որ դա կարող է աճել, իսկ տույժերն ու տուգանքներն ավելանալ՝ կախված բեռի մատակարարման ուշացման և պայմանագրերի խախտման հետ:

«Սպայկայի» և գործընկերոջ միջև կնքված համաձայնությամբ նախատեսվել է, որ 8-12 մեքենա՝ 20 տոննա պանրով մատակարարվի Ռուսաստան, սակայն այս պահին բոլոր պատվերները պանրի մասով կասեցված են, իսկ հնարավոր գործընկերների հետ ժամկետներ չեն հստակեցվում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---