Օբամայի դիրքորոշումը հակասում է Անկարայի դիրքորոշմանը ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաեւ քրդական հարցում

PanARMENIAN.Net - Եթե Բարաք Օբամայի հայանպաստ դիրքորոշումը, որ նա ցույց տվեց իր նախընտրական արշավի ընթացքում, եւ նրա տեսակետները քրդերին վերաբերող հարցերում ազդեն նրա քաղաքական որոշումների վրա նախագահության ընթացքում, ապա ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: «Օբամայի կառավարման ընթացքում կարող են լուրջ հակասություններ առաջանալ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտում»,-ասել է թուրք փորձագետ Հուսնու Մեհելին:



ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի որոշ մտքեր, որ նա արտահայտել է նախընտրական արշավի ժամանակ, մտահոգում են Թուրքիային: Հատկապես մտահոգում է Թուրքիային Օբամայի հայանպաստ մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում: Ըստ Մեհելիի, տագնապի համար բավարար հիմքեր կան: «Նախընտրական արշավի ժամանակ Օբաման ասել է, որ կճանաչի հայոց ցեղասպանությունը եւ գրավոր համաձայնություն է տվել, որ կարծարծի այդ հարցը Կոնգրեսում»,-ասել է Մեհելին: Փորձագետը նշել է, որ Օբամայի քաղաքական դիրքորոշումը չի համընկնում Անկարայի դիրքորոշման հետ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաեւ քրդական հարցում: Մեհելին կապում է դա Օբամայի շրջապատի հետ: «Օբամայի կողմից որպես փոխնախագահ ընտրված Ջո Բայդենը լավ հարաբերություններ ունի հայկական լոբբիի հետ եւ նա մեծ համակրանքով է վերաբերում քրդերին: Բայդենի դիրքորոշումը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում»,-ասել է Մեհելին:



Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ԱՄՆ-ի գծով փորձագետ Շանլի Բահադիր Քոչը գտնում է, որ Օբամայի քաղաքական դիրքորոշումը հայկական եւ քրդական հարցերի առումով կարող է քաղաքական լարվածություն ստեղծել երկու երկրների միջեւ: Ըստ փորձագետի, ամենամտահոգող հարցը Օբամայի դիրքորոշումն է Հայոց ցեղասպանության հարցում: Նրա խոսքերով, քրդական հարցում եւս Օբամայի դիրքորոշման մեջ կան որոշ տագնապալի պահեր: Ըստ Քոչի, եթե Օբաման, ինչպես եւ խոստացավ, կարճ ժամկետում դուրս բերի ամերիկյան զորքերն Իրաքից, խանգարելու համար Թուրքիայի ներխուժմանը Հյուսիսային Իրաք, նա կպահանջի ճանաչել Իրաքի քրդական վարչակազմն ու լավ հարաբերություններ հաստատել նրա հետ: Ըստ փորձագետի, եթե հաշվի չառնենք Ցեղասպանության եւ քրդերի հարցը, ապա Օբամայի եւ Թուրքիայի կառավարությունների արտաքին քաղաքականության բազմաթիվ պահեր համընկնում են: «Երկխոսության ճանապարհով Մերձավոր Արեւելքի ու Իրաքի խնդիրների լուծմանն ուղղված Օբամայի ջանքերը լիովին համընկնում են Թուրքիայի քաղաքական դիրքորոշման հետ»,-ասել է Քոչը, հաղորդում է ադրբեջանական Trend News Գործակալությունը:



ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնակալման արարողությունը նշանակված է 2009 թվականի հունվարի 20-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---