Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետին դիմավորել է Էմանուել Մակրոնը

Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետին դիմավորել է Էմանուել Մակրոնը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիա ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 11-ի երեկոյան Ելիսեյան պալատում դիմավորել է Էմանուել Մակրոնը: Ելիսեյան պալատում Փաշինյանը մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։

Վարչապետը Ֆրանսիայում մասնակցելու է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով այցին, սելֆիներ է հրապարակել Ելիսեյան պալատից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ Լուիզ Մուշիկիվաբոյի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Վարչապետը նշել է նաև, որ նախագահ Մակրոնի անունից տրվող պետական ճաշը եզրափակվել է Շառլ Ազնավուրի ստեղծագործությամբ:

Ընդունելությանը մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն և այլք։

Նոյեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը և միջոցառման շրջանակում նախատեսվող թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում հանդես կգա ելույթով։ Նախատեսվում է վարչապետ Փաշինյանի կողմից Փարիզի խաղաղության համաժողովի գրադարանին խորհրդանշական նվերի հանձնում։

Փարիզ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ և հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Նախատեսվում է ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, և նրանց մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ և հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը և նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---