ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներն իրազեկման երթ կանեն

ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողներն իրազեկման երթ կանեն

PanARMENIAN.Net - ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մոտից մեկնարկում է ուսանողների և ՀՅԴ երիտասարդական միության իրազեկման երթը: Նրանք անցնելու են երևանյան բուհերի մոտով՝ կոչ անելով միանալ իրենց: Այնուհետև նրանք միանալու են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ նստացույց անող երիտասարդներին:

Երիտասարդներն ընդգծում են, որ իրենց պայքարն ապակուսակցական, երիտասարդական, ուսանողական պայքարը է, հայտնում է Panorama.am-ը:

«Մեր պայքարը հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության համար է, հայոց եկեղեցու համար է: Սա համազգային, համապետական պայքար է, միտված է ազգային արժեքների պաշտպանությանը»,- հայտարարում են երիտասարդները:

Նրանք կոչ են անում նաև դասախոսներին միանալ իրենց: «Դիմում ենք ԵՊՀ դասախոսական կազմին. մենք դուրս ենք եկել փողոց պաշտպանելու այն արժեքները, որոնք դուք մեզ փոխանցել եք ու փոխանցում եք՝ մեր լեզուն, կրոնը ու պատմությունը: Մեզ այս պայքարի մեջ մենակ մի թողեք: Սա միայն մեր պայքարը չէ, դուք եք դրանք մեզ փոխանցել, եկեք տեր կանգնեք ձեր փոխանցածին: Կոչ ենք անում դասախոսներին միանալ մեզ: Լավ գիտակցեք, մենք միևնույն է՝ հաղթելու ենք»,- ասում են ուսանողները:

Ակցիայի մասնակիցներից Գևորգ Գյուլումյանն ասել է, դասախոսները պետք է լինեն իրենց ուսանողների կողքին, ցույց տան, որ իրենց դաստիարակած ուսանողների բռնած ճանապարհը ճիշտ է, քանի որ շարժվում են իրենց ցույց տված ճանապարհով:«Մեզ կրթության նախարարն անդաստիարակներ է անվանում: Մենք ձեր դաստիարակությունն ենք ստացել, փաստորեն ձեր դաստիարակությունն այս նախարարի համար ոչ մի արժեք չունի, դա անդաստիարակություն է: Սա նաև ձեր թասիբի հարցն է»,- նշեց ուսանողներից մեկը:

Գյուլումյանի խոսքով, ասում են, թե կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկում է երկխոսության գնալ:«Արայիկ Հարությունյանը խնդիրը սեղանի շուրջ լուծելու բոլոր տարբերակները մտցրել է փակուղի: Օրակարգը մեկն է՝ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, քանի որ ի վիճակի չէ աշխատելու»,- նշել է նա:

Ուսանողների և ՀՅԴ երիտասարդների պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, պահանջում են կրթության, մշակույթի ոլորտում ազգային քաղաքականություն վարել:

ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ դասադուլ են անում, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներն արդեն մի քանի օր նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության մետ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---