Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Էբոլայի դեմ առաջին պատվաստանյութին

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Էբոլայի դեմ առաջին պատվաստանյութին

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Էբոլայի հարուցիչի դեմ առաջին պատվաստանյութի պաշտոնական կիրառմանը: Մինչ օրս պատվաստումներն անցկացվում էին բարեգործական փորձարարական գործընթացի շրջանակում՝ փաստացի դա կլինիկական փորձարկումներ էին դաշտային պայմաններում:

Այժմ պատվաստանյութը թույլատրված դեղամիջոցի կարգավիճակ է ստացել, դա նշանակում է, որ արտադրող Merck ընկերությունը կկարողանա ավելի պարզ ճանապարհով և ավելի արագ առաքել պատվաստանյութն աֆրիկյան երկրներ, գրում է N+1-ը:

Մինչ օրս պաշտոնական պատվաստանյութ չկար, չնայած, որ մշակումները սկսվել էին դեռևս 2014-ին: Այժմ հետազոտման տարբեր փուլերում է գտնվում 8 պատվաստանյութ, որոնցից մեկը Էրվեբո (Ervebo, rVSVΔG-ZEBOV-GP) պատվաստանյութն է, որը պաշտոնական ճանաչում ստացավ: Այն ստեղծվել է վեզիկուլյար ստոմատիտի հիման վրա, որով հիվանդանում են անասունները, և որը անվնաս է մարդկանց համար: Մոդիֆիկացված հարուցիչը, սեփական գեներից բացի, տեղեկատվություն է կրում էբոլավիրուսի սպիտակուցներից մեկի մասին և դրանով իսկ մարդու օրգանիզմի իմունային համակարգը ծանոթացնում «թշնամու» հետ մինչ առաջին հանդիպումը:

Մինչ օրս բժիշկները «օղակաձև» մոտեցում են կիրառել պատվաստմանը, «շերտ առ շերտ» մշակելով այն մարդկանց, որոնք շփվել են հիվանդի հետ կամ եղել են հիվանդության օջախում:

Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատճառով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Էբոլա հեմորագիկ տենդի բռնկումը սկսվեց Արևմտյան Աֆրիկայում 2014-ի փետրվարին: Մյուս երկրներից առավել վիրուսից տուժել են Գվինեան, Լիբերիան և Սիեռա-Լեոնեն: Առողջպահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2014-ի վերջում վարակվածների թիվն անցում էր 8 000-ը: 2014-ի սեպտեմբերին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները կողմ են քվեարկել բանաձևին, որով Էբոլայի վարակն աշխարհի խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք ճանաչվեց:

Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---