ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ նախագահին. Ուզում ենք ավելի զարգացնել երկկողմ գործընկերությունը

ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ նախագահին. Ուզում ենք ավելի զարգացնել երկկողմ գործընկերությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հետաքրքրված է առավել զարգացնել արդյունավետ գործընկերությունը Հայաստանի հետ: Այդ մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը՝ հավելելով, որ դրական փոփոխությունների համար շատ հնարավորություններ կան:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է հայ-ամերիկյան գործակցության բարձր մակարդակը տարբեր ոլորտներում: Նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և բարձր գնահատել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը: Նա նշել է, որ յուրաքանչյուր, անգամ փոքր քայլ կարող է շատ մեծ արդյունքների հանգեցնել:

Դեսպան Թրեյսին տեղեկացրել է, որ հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերի շրջանակում 2019 թվականին Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին ավելացել է 40 տոկոսով: Նշվել է, որ ամերիկյան կողմի հատկացրած միջոցները հիմնականում ուղղվում են Հայաստանում ժողովրդավարական զարգացման աջակցությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Ներկայացվել են նաև տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնությունների շրջանակում իրականացվող հիմնական ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության նոր հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող միջոցառումները, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը և, մասնավորապես, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: Նա առաջարկել է դիտարկել նաև այս ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---