Նախարար. 2020-ին սպասվում է 4.9% տնտեսական աճ

Նախարար. 2020-ին սպասվում է 4.9% տնտեսական աճ

PanARMENIAN.Net - 2020-ին պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվում է, որ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար կտրվի 33.2 մլրդ դրամ՝ 2019-ին հաստատված 25.9 մլրդ դրամի փոխարեն: Այս մասին ԱԺ-ում ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ 7.2 մլրդ դրամ աճն ուղղված է գյուղատնտեսության, զբոսաշրջության, արդյունաբերության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման նպատակով իրականացվող ծրագրերին:

«Այս ֆինանսավորումը բաղկացած է լինելու 18 մլրդ դրամ գյուղատնտեսական ծրագրում իրականացվող մասից, 6.3 մլրդ դրամ զբոսաշրջության ոլորտում իրականացվող ծրագրերից և տնտեսական զարգացման 12 միջոցառում ներառող 5 ոլորտային ծրագրից, որոնք ընդհանուր առմամաբ կֆինանսավորվեն 8.9 մլրդ չափով»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս ֆինանսավորումներից 17.8 մլրդ դրամը պետք է ապահովվի արտաքին աջակցությամբ, իսկ մնացած ծրագրերը՝ պետական բյուջեի հարկային եկամուտներով ապահովված միջոցներով:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ 2020-ին կանխատեսվում է 4.9% տնտեսական աճ: Նախարարն անդրադարձել է նաև վերջին 9 ամիսների տնտեսական ցուցանիշներին՝ նշելով, որ տնտեսական ակտիվությունն այս տարի կազմել է 7.1%, արդյունաբերական արտադրանքը՝ 9.7%, գյուղատնտեսությունը շարունակում է անկում արձանագրել 4.8%-ի չափով, ապրանքների արտահանումն աճել է 7.9%-ով:

Նախարարի խոսքով՝ իրենց կողմից արված հետազոտությունները վկայում են, որ Հայաստանի տնտեսության իրական հատվածում առկա խնդիրը տեխնոլոգիաների և կիրառվող սարքավորումների հին լինելն է, ժամանակակից աշխարհի պահանջներին չհամապատասխանելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---