Ալեքսանյան. Միայն ընտանիքի անդամները չէ, որ հայտարարագրելու բան ունեն, ցանկը պետք է վերանայել

Ալեքսանյան. Միայն ընտանիքի անդամները չէ, որ հայտարարագրելու բան ունեն, ցանկը պետք է վերանայել

PanARMENIAN.Net - Որոշ դեպքերում հայտարարագիր պետք է ներկայացվեն, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամների կողմից, այլև՝ փոխկապակցված անձանց: Այս մասին ԱԺ-ում ասել է կառավարության կողմից Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը:

Ալեքսանյանը նշել է, որ կոռուպցիայի կանխարգելման համար պետք է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրերը ներկայացնելու ցանկը:

«Իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ միայն ընտանիքի անդամները չեն, որ ունեն հայտարարագրելու բան: Ունենք պրակտիկա, երբ տարբեր միջոցներ գրանցվում են ընտանիքից դուրս մարդկանց անուններով: Շատ կարևոր է բացահայտել, թե ովքեր են այդ փոխկապակցված անձինք: Միևնույն ժամանակ դա չի կարող լինել հստակ կարգավորմամբ և չի կարող լինել բոլորին վերաբերող կարգ, բայց առանձին դեպքերում գուցե կարիք լինի, որ հայտարարագիր ներկայացնեն անձինք, ովքեր չեն հանդիսանում ընտանիքի անդամներ», - ասել է Ալեքսանյանը՝ նշելով, որ իր դիրքորոշմամբ փոխկապակցված անձանց կազմը պետք է վերանայվի:

Ալեքսանյանը նաև խոսել է ֆինանսական հաստատություններում բանկային գաղտնիքի օրենքով պաշտպանված լայնածավալ ինֆորմացիայի առկայության մասին:

«Այն իրավիճակում, երբ մենք փորձում ենք պայքարել կոռուպցիայի դեմ, որը խորը արմատներ է գցել երկրում, կարծում եմ՝ այդ ինֆորմացիայի հասանելիությունը կարող է շատ մեծ ներդրում ունենալ: Ճիշտ է՝ այն նաև իր հետ բերում է վտանգներ բանկային համակարգի մասով. կարող է գրանցվել ֆոնդերի արտահոսք, որովհետև մարդիկ որոշեն իրենց ֆոնդերը հայկական բանկերում չպահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն հակակոռուպցիոն մարմիններին: Այստեղ էլ պետք է միջպետական կարգավորումների միջոցով կարողանալ նաև տիրապետել այդ ինֆորմացիային»- ասել է Լիլիթ Ալեքսանյանը:

Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Լիլիթ Ալեքսանյանի թեկնածունն առաջարկել է կառավարությունը: Թեկնածություններ են առաջադրել նաև ԱԺ 3 խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---