Գևորգ Պետրոսյանն առաջարկում է աշխատողից գրավոր բացատրություն ստանալու պահանջը գրավոր ներկայացնել

Գևորգ Պետրոսյանն առաջարկում է աշխատողից գրավոր բացատրություն ստանալու պահանջը գրավոր ներկայացնել

PanARMENIAN.Net - Դատական վեճի դեպքում ապացուցողական գործընթացը հեշտացնելու համար ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է աշխատողից գրավոր բացատրություն ներկայացնելու պահանջը նույնպես գրավոր ձևով ներկայացնել: Այս մասին «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ այն ուղղված է աշխատողների և գործատուների շահերի պաշտպանությանը:

Գևորգ Պետրոսյանը հիշեցրել է, որ Հայաստանի գործող աշխատանքային օրենսգրքի 226 հոդվածի համաձայն՝ կարգապահական տույժ կիրառելուց առաջ գործատուն պարտավոր է աշխատողից պահանջել գրավոր բացատրություն, սակայն օրենքում չի նշվում՝ այդ բացատրության պահանջը պետք է տրվի գրավոր, թե բանավոր ձևով: Ըստ Պետրոսյանի, այս հանգամանքն օգտագործելով, մի շարք գործատուներ աշխատողներին անօրինական կերպով են աշխատանքից ազատում:

«Վճռաբեկ դատարանի մի քանի նախադեպային որոշումներով ուղղակիորեն արձանագրված է, որ առանց գրավոր բացատրության աշխատողին աշխատանքից ազատելն արդեն իսկ համարվում է աշխատանքային օրենսդրության խախտում: Նախագիծն ուղղված է աշխատողների շահերի պաշտպանությանը, որ ոչ մի աշխատող առանց լսված լինելու, իր իրավունքները իրացնելու աշխատանքից չազատվի»,- ասել է Պետրոսյանը:

Օրենքում նման լրացումը, ըստ Պետրոսյանի, վեճի դեպքում, երկու կողմին էլ թույլ չի տա վիճարկել բացատրություն պահանջած լինելու փաստը:

«Երբ աշխատողը զանցանք է կատարել, գործատուն պետք է նրանից պահանջի բացատրություն գրավոր ձևով, որովհետև, եթե գրավոր չի պահանջում, վաղը, մյուս օրը աշխատողը գնում է դատարան, ասում է ՝ «ինձնից բացատրություն չի պահանջել»: Եվ, եթե դատարանը հաստատված է համարում, որ աշխատողից գրավոր բացատրություն չի պահանջվել, մեխանիկորեն ազատումը ճանաչվում է անօրինական, հրամանը ճանաչվում է անվավեր և աշխատողին կրկին վերականգնում են: Արդյունում ստացվում է, որ աշխատողն իրականում զանցանք էր կատարել, բայց գործատուն չկարողացավ դատարանում ապացուցել»,- եզրափակել է Պետրոսյանը:

Ամփոփելով օրենքի նախագծի քննարկումը՝ Պետրոսյանն ասել է, թե ինքը երբեք այն կարծիքին չի եղել, որ իր ներկայացրած օրենսդրական նախագծերը «մատաղի նման» պետք է ընդունելի լինեն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---