Մարզական մի շարք ֆեդերացիաների համար Մել Դալուզյանին հերոսացնելն անընդունելի է

Մարզական մի շարք ֆեդերացիաների համար Մել Դալուզյանին հերոսացնելն անընդունելի է

PanARMENIAN.Net - Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաներ և մարզիկներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրենց համար անընդունելի է սեռափոխված Մել Դալուզյանին հերոսացնելու գործընթացը:

«Վերջին օրերին հայկական մարզաշխարհը հայտնվել է հասարակական ուշադրության կենտրոնում և դարձել է բուռն քննարկման առարկա, սակայն ցավով պետք է արձանագրենք, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերբերյալ պետության որոշումը:

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մարզաշխարհը միշտ էլ դուրս է եղել քաղաքականությունից, մենք երբևէ չենք խառնվել որևէ քաղաքական իրադարձության: Մեր երկրի մեջ չունենք ոչ հակառակորդներ, ոչ էլ թշնամիներ, մեր պայքարը միշտ եղել է դրսում և մենք պայքարել ենք փառքով մեր երկիրը ներկայացնելու, հաղթելու, հայոց եռագույնը բարձրացնելու ու ազգային օրհներգը հնչեցնելու համար:

Սակայն վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները խիստ վիրավորական են հայկական մարզաշխարհի համար: Որպես հայ մարզիկի լավագույն կերպար փորձ է արվում ներկայացնել սեռափոխված Մելինե Դալուզյանին, ում խայտառակ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի Ծանրամարտի հավաքականն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած: Նրա վարքագիծը և անպարկեշտ պահվածքը անընդունելի է եղել հայկական մարզաշխարհի համար: Նրա ներկայությունը ծանրամարտի աղջիկների հավաքականի կազմում բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, և մարզիչներից բավականին երկար ժամանակ է պահանջվել այդ խնդիրները կարգավորելու համար:

Եվ այսօր այդ մարդը ներկայացվում է, որպես հայ մարզիկի մարմնավորում, փորձ է արվում նրան հերոսացնել ու փառաբանել: Եթե ցանկություն կա Մելինե Դալուզյանի սեռափոխված լինելու հանգամանքը արդարացնել ու գովերգել, ապա արեք ինչ ուզում եք, սակայն դադարեք նրան ներկայացնել, որպես հաղթանակած հայ մարզիկի կերպար, որովհետև նա պարզապես չի կարող լինել մեզանից մեկը: Մեզ համար անընդունելի է նրան հերոսացնելու այս գործընթացը:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ հայկական մարզաշխարհի համար անընդունելի է Մելինե Դալուզյանի մեծարմանն ուղղված հետևողական այս վարքագիծը, հայկական մարզաշխարհում միշտ գնահատվել են բարոյական բարձր արժեքներն ու ավանդույթները: Քանի դեռ ուշ չէ, կոչ ենք անում դադարեցնել այս գործընթացը, որովհետև դրա հետևանքները կարող են անդառնալի ու շատ ցավոտ լինել: Կան հարցեր, որոնց հետ պարզապես չի կարելի կատակ անել: Սա հենց այդ դեպքն է»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրել են.ՀՀ արտիստիկ լողի ֆեդերացիան, Հայկական ազգային ակադեմիական թիավարության և կանոէի ֆեդերացիան, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիան, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիան, Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան, Հայաստանի բիլիարդային սպորտի Ֆեդերացիան, ՀՀ Գեղասահքի ֆեդերացիան, Եռամարտի ֆեդերացիան, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան, Հայաստանի թենիսի Ֆեդերացիան, Լողի հայկական դաշնությունը, Խոտի հոկեյի հայկական Ֆեդերացիան, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան, Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիան, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, Հայաստանի նարդու ֆեդերացիան, Հայաստանի ջրացատկի Ֆեդերացիան, Հայաստանի սուսերամարտի Ֆեդերացիան, Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան, Հայաստանի տափօղակով հոկեյի Ֆեդերացիան, ինչպես նաև մի շարք անվանի մարզիկներ:

Մինչդեռ ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում:Ֆիլմի ֆինանսավորման համար ԿԳՄՍ նախարարությունից հատկացվել է 20 միլիոն դրամ, որն ընդհանուր արժեքի միայն 14%-ն է:Ֆիլմի ֆինանսավորման մասին լուրերից հետո կառավարության որոշումը քննարկումների և քննադատությունների առիթ էր դարձել:

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: «Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է, ռեկորդակիր է, որի ռեկորդը շարունակում է մինչև հիմա գոյություն ունենալ, որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է, ու հիմնը 3 անգամ հնչել է»,-ասել էր վարչապետը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---