ԱՄՆ-ն $102 մլն-ի ռազմական օգնություն կհատկացնի Բաքվին. Կոնգրեսում մտահոգ են անհամաչափությամբ

ԱՄՆ-ն $102 մլն-ի ռազմական օգնություն կհատկացնի Բաքվին. Կոնգրեսում մտահոգ են անհամաչափությամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը և Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, ուր կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Նամակում կոնգրեսական Շիֆը, Սփիերն ու Փալոնը անհամաձայնություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարի այն պնդման վերաբերյալ, ըստ որի՝ 102 միլիոն դոլարի ռազմական օգնությունը Ադրբեջանին չի խաթարում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու չի օգտագործվի որևէ կերպ Հայաստանի դեմ ռազմական հարձակման ժամանակ:

Նամակում կոնգրեսականները փաստել են, որ Ադրբեջանի ռազմական ներուժը վերջին տարիներին անընդմեջ աճում է: Նրանք ընդգծել են, որ ամերիկյան ռազմական օգնությունը հնարավորություն կտա Ադրբեջանին է՛լ ավելի մեծացնել ռազմական ներուժը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում իրականացնելու հնարավորությունը:

«Կասկած չկա, որ Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում և անտեսում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քսանամյա նախադեպը»,- նշում են կոնգրեսականները նամակում՝ շեշտելով, որ ռազմական օգնության համաչափ տրամադրումը միակ ճանապարհն է, որով ԱՄՆ-ը կարող է պահպանել տարածաշրջանային գերտերության հեղինակությունը, որը կարող է հաշտեցնել Ադրբեջանին և Հայաստանին:

Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը Հայաստանի համար կազմակերպել համապատասխան դասընթացներ և տրամադրել սարքավորումներ՝ գործընկերային ներուժը մեծացնելու համար: Դա կօգնի անվտանգ դարձնել սահմաններն ու ռազմական հավասարություն ստեղծել, նշվում է նամակում: Կոնգրեսկանները նաև խնդրում են այս հարցի շուրջ հանդիպում կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի անդամների ու համապատասխան նախարարությունների պատասխանատու պաշտոնյաների միջև:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---