Փաշինյանը՝ ռուս լրագրողներին. Նժդեհը հայերի համար նույն հարթության վրա է, ինչ մարշալ Բաղրամյանը (վիդեո)

Փաշինյանը՝ ռուս լրագրողներին. Նժդեհը հայերի համար նույն հարթության վրա է, ինչ մարշալ Բաղրամյանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 19-ին պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Գարեգին Նժդեհի տեղին հայոց պատմության մեջ ու նշանակությանը հայ ժողովրդի համար՝ շեշտելով, որ Նժդեհը հայերի համար նույն հարթության վրա է, ինչ մարշալ Բաղրամյանը: Վարչապետը նշել է նաև, որ այդ հարցը երբեք չի շոշափվել ռուս գործընկերների հետ իր հանդիպումներում:

Ռուսական «Նովոռոսիա» լրատվական գործակալության լրագրող Ստանիսլավ Սմագինը հանդիպման ժամանակ ասել է. «Կա մի հարց, որը հակասական բնույթ ունի և այժմ մեզ բաժանում է, և, կարծում եմ, մենք մեծամասամբ եկել ենք այստեղ այս հարցը պարզաբանելու: Խոսքը Գարեգին Նժդեհ գործչի նկատմամբ վերաբերմունքի մասին է»:

Վարչապետը, խոսելով հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին, ասել է, որ տարօրինակ կլինի, եթե Ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծվի՝ ուսումնասիրելու սեփական պատմությունը

«Որտեղի՞ց է հայտնի դարձել Գարեգին Նժդեհը: Նրա անունը հայտնի է դարձել Սարդարապատի ճակատամարտից, որի արդյունքում 1918-ին ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Եթե չեմ սխալվում, Գարեգին Նժդհեն այդ ժամանակ պորուչիկ էր: Ի դեպ, Հովհաննես Բաղրամյանը նույնպես մասնակցել է Սարդարապատի մարտին: Նրանք փաստորեն կողք-կողքի կռվել են իրենց հայրենիքի համար, և հետագայում Հովհաննես Բաղրամյանը դարձել է Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս: Մեզ համար Գարեգին Նժդեհը և Հովհաննես Բաղրամյանը նույն հարթության վրա են՝ որպես մեր պատմական գործիչներ: Նրանք պայքարում էին Հայաստանի համար, հայերի համար, և նրանք անում էին հնարավոր ամեն ինչ իրենց ժողովրդին Հայոց ցեղասպանությունը կազմակերպած թուրքերից պաշտպանելու համար:

Հիմա շատ են խոսում նրա մասին, որ Գարեգին Նժդեհը ինչ-որ շփում է ունեցել Երրորդ Ռեյխի ներկայացուցիչների հետ: Մոլոտովը ևս շփում ուներ Երրորդ ռեյխի հետ...Եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք և ուսումնասիրենք, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ...Կարող ենք Մոլոտովից սկսել: Ի՞նչ արեց նա: Ինչո՞ւ։ Ի՞նչ են նրանք պայմանավորվել...Մեզ համար հարց չկա, թե ով էր Գարեգին Նժդեհը՝ նա այն անձն է, ով ապագա մարշալ Բաղրամյանի հետ կռվել է իր հայրենիքի համար»,-ասել է Փաշինյանը:

Ռուս լրագրողների հետ հանդիպումն ամբողջությամբ վարչապետը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ Արմավիրի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:Ըստ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Վինոգրադովի, նոյեմբերի 11-ին սպառվել է ժամկետը, որի ընթացքում Արմավիրի քաղաքային իշխանությունները պետք է ապամոնտաժեին հուշատախտակը, սակայն չեն արել դա, և պատգամավորը որոշել է «հարցն ինքնուրույն լուծել», հայտնում է «Կրասնայա վեսնա» լրատվական գործակալությունը:«Պատգամավոր Վինոգրադովը չի հաշտվել առկա վիճակի հետ և արտահայտել է իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը՝ սև ներկով ներկելով Գարեգին Նժդեհի հուշատախտակը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, անդրադառնալով ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում Նժդեհի հուշատախտակը սևով ներկելու միջադեպին, հայտարարել է, որ այդ գործողությունները կարող են լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---