ՀՔԾ. Սուրիկ Խաչատրյանը հետախուզվում է, նա քրգործով մեղադրյալ է

ՀՔԾ.  Սուրիկ Խաչատրյանը հետախուզվում է, նա քրգործով մեղադրյալ է

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: 19.11.2019թ.-ին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը Ս. Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Մասնավորապես, պարզվել է, որ Սուրիկ Խաչատրյանը, 2011-2012թթ ընթացքում զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզպետարանի պաշտոնատար անձի միջոցով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին տվել է ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ:

Լավրենտիկ Առաքելյանը, օրենքի պահանջների խախտմամբ, առանց խողովակներն օտարելու մասին համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, ապա` այն համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու փոխարեն, Սուրիկ Խաչատրյանի դրդմամբ, Նորավան համայնքի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 5.132.891 դրամ արժողությամբ մետաղական խողովակները տրամադրել է Սուրիկ Խաչատրյանի եղբորը:

Բացի այդ, 2016թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սուրիկ Խաչատրյանը Ակներ համայնքի ղեկավարին տվել է ապօրինի կարգադրություն՝ Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին` Աշոտ Գևորգյանին օտարելու վերաբերյալ: Այդ նպատակով Ակներ համայնքի աշխատակազմի ղեկավարը համայնքի ղեկավարի ցուցումով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` կազմել է նշված հողատարածքի աճուրդի անցկացման և արդյունքների մասին կեղծ արձանագրություններ, որոնց համաձայն՝ իբր 2016թ. սեպտեմբերի 16-ին անցկացված աճուրդով նշված 0.43 հա մակերեսով հողամասը 70.000 դրամով վաճառվել է Աշոտ Գևորգյանին:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Լավրենտիկ Առաքելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Աշոտ Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---