Վարչապետ. ՀՀ-Իտալիա քաղերկխոսության բարձր մակարդակը տնտեսական հարաբերությունների զարգացման է բերում

Վարչապետ. ՀՀ-Իտալիա քաղերկխոսության բարձր մակարդակը տնտեսական հարաբերությունների զարգացման է բերում

PanARMENIAN.Net - Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն իր հետևից բերում է տնտեսական հարաբերությունների զարգացում։ Այդ մասին պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ հանդիպմանը:

Իտալիայի Սենատի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա, որը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Նա նշել է, որ Իտալիան հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին, որոնք կարևոր նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար և պատրաստ է աջակցել մեր երկրին այդ բարեփոխումները հաջողելու գործընթացին, փոխանակվել փորձով։ Մարիա Էլիզաբետա Կազելատիի խոսքով՝ դա կնպաստի Հայաստանի և Իտալիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում արդյունավետ երկխոսության շարունակմանը։ Նա նշել է, որ Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և փաստաթուղթն այժմ ներկայացված է Պատգամավորների պալատի ուշադրությանը։

Իտալիայի Սենատի նախագահը նաև գոհունակությամբ է խոսել Հայաստան-Իտալիա առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկայի, մասնավորապես, վերջին շրջանում արտահանման՝ մոտ 30 տոկոսով աճի մասին և նշել, որ Իտալիան հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմամբ։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել այցի համար և արձանագրել Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչն էլ իր հետևից բերում է տնտեսական հարաբերությունների զարգացում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի երկկողմ առևտրի ոլորտում բավական բարձր աճ է արձանագրվել, Հայաստանի տնտեսությունում ավելացել են իտալական կապիտալով ներդրումները և հույս հայտնել, որ իր այցի արդյունքում այդ գործընթացն ավելի կակտիվանա։

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է լրջագույն փոփոխությունների շրջանում, երկիրն առաջ է շարժվում ժողովրդավարացման ճանապարհով, կոռուպցիայի դեմ իրական պայքար է մղվում, ինչն էլ բերում է տնտեսական իրավիճակի փոփոխության։ Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ բարեփոխումների օրակարգում ԵՄ-ն ՀՀ-ի հիմնական գործընկերն է և երախտագիտություն հայտնել Իտալիայի Սենատին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու և Պատգամավորների պալատին հանձնելու համար։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանն առանձնակի վերաբերմունք ունի Իտալիայի Պատգամավորների պալատի նկատմամբ՝ 2019թ. ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնությունն ընդունելու համար։

Հայաստանի վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին և նշել, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով։Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ Իտալիան ողջունում է երկխոսության ճանապարհով հակամարտության կարգավորումը և խաղաղությանը միտված ջանքերը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---