Հայաստանում «ամազոնուհու»՝ մոտ 2600 տարվա վաղեմության կմախք են պեղել

Հայաստանում «ամազոնուհու»՝ մոտ 2600 տարվա վաղեմության կմախք են պեղել

PanARMENIAN.Net - Հայաստանի լեռներում հնագետները մի կնոջ դամբարան են պեղել, որը, հավանաբար, մարտիկ է եղել և զոհվել է մարտում առնվազն 2600 տարի առաջ: Ըստ կմախքի վրա հայտնաբերված վնասվածքների, նա կարող է լինել այն ամազոնուհիներից մեկը, որոնք նկարագրված են հին հույների առասպելներում:

Դամբարանը պեղել են ՀՀ ԳԱԱ մի խումբ գիտնականներ, գրում է «Ռոսիյսկայա գազետան» Forbes-ի վրա հղումով:

Անսովոր գերեզմանը հայտնաբերվել էր դեռևս 2017-ին Լոռու մարզի Բովեր դամբարանադաշտում: Կմախքի հարևանությամբ եղել են կերամիկական անոթներ և ոսկերչական իրեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. VIII-VI դարերով, որն Ուրարտուի ծաղկուն շրջանն էր:

Ոսկրերի հետազոտությունը ցույց է տվել, որ հուղարկավորվածը 20 տարեկանում մահացած կին է: Թանկարժեք իրերի պատճառով սկզբից գիտնականները ենթադրել են, որ նա բարձր սոցիալական կարգավիճակ է ունեցել: Սակայն, կրկնակի հետազոտությունը ցույց է տվել, որ կինը, հավանաբար, նաև զինվոր է եղել:

Կինը շատ զարգացած և ամուր մկաններ է ունեցել: Ինչպես գրում են գիտնականները, մարմնի վերին մասի մկանները շատ ամուր են եղել, ինչը վկայում է «աշխատանքային մեծ ակտիվության մասին»: Օրինակ, զարգացած կրծքավանդակի և ուսագոտու դելտաձև մկանները հաստատում են այն հիպոթեզը, որ նա լավ մարզված աղեղնավոր է եղել:

Ազդրոսկրերը ևս լավ զարգացած են եղել, ինչը գիտնականները կապում են ինտենսիվ ձիարշավի հետ: Հատկանշական են նաև ոսկորների վնասվածքները: Դրանք ակնհայտորեն մարտում են ստացվել: Օրինակ, կնոջ ձախ ծնկի մեջ հայտնաբերվել է այնտեղ խցանված նետի երկաթե ծայրակալը: Ընդ որում,այդ վերքից նա ապաքինվել է մահից շատ առաջ:

Գիտնականները ևս 3 վերքի հետքեր են հայտնաբերել, որոնց հետևանքով էլ կինը, հավանաբար, մահացել է: Նրա ազդրերին պահպանվել են կացնով կամ թրով հասցված հարվածների հետքեր, իսկ սրունքը ծակված է:

Ըստ հայ հնագետների, վնասվածքների ու վերքերի քանակն արդեն իսկ վկայում է այն մասին, որ դրանք ոչ թե մեկ մարդ է հասցրել, այլ մի քանի: Դա կարող էր տեղի ունենալ մարտում:

«Հավանաբար, Կովկասում ապրող ժողովուրդներն իրոք ունեցել են կին-մարտիկներ: Նման բացահայտումները ենթադրում են, որ եղել են զինվոր կանայք, որոնց կյանքը համապատասխանում է ամազոնուհիների նկարագրությանը հունական միֆերում»,-գրում են գիտնականները:

Հնագետները կարծում են, որ մարտնչող կնոջ այդ տեսակն է ամազոնուհիների մասին հին հունական լեգենդի հիմքում, որի համաձայն ամազոնուհիները դաժան կանայք էին, որոնք ապրել են Փոքր Ասիայում, որը գտնվում է ժամանակակից Հայաստանի հարևանությամբ:

Գիտնականները նաև ենթադրում են, որ կինը եղել է հին ժամանակների ամենահզոր և զարգացած պետություններից մեկի՝ Ուրարտուի թագավորության մարտիկը: Ուրարտուի ծաղկման շրջանը թվագրվում է մ.թ.ա. IX-VI դարերով, որը սերտ մշակութային և առևտրային կապեր ուներ խոշորագույն կայսրությունների հետ՝ Միջերկրական ծովի ավազանից մինչև Հնդկաստան:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---