Ալիև. 2019-ը կորսված հնարավորությունների տարի էր ԼՂ կարգավորման առումով

Ալիև. 2019-ը կորսված հնարավորությունների տարի էր ԼՂ կարգավորման առումով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2019-ը համարել է կորսված տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով: Նա այդ մասին ասել է Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը:

Ալիևն ասել է, որ հակամարտության կարգավորման համար հարկավոր են գործնական քայլեր: «Առաջին քայլը՝ ադրբեջանական գրավյալ տարածքների ազատումն է, միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Մենք, իհարկե, այլ հարցեր էլ կքննարկենք, սակայն սկզբի համար սա էլ բավարար կլինի»,-ասել է նա:

«Անկասկած, հակամարտությունը մեծ խնդիր է տարածաշրջանի համար և վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար: Ցավոք, ես կարծում եմ, որ ընթացիկ տարին կարելի է համարել կորսված հնարավորությունների տարի: Պատճառն այն է, որ Հայաստանը խախտում է միջազգային նորմերը, չի կատարում ՄԱԿ ԱԽ բանաձևերը»,-ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը:

Ալիևը հավելել է, կարգավորման նպատակով կայացել է Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների հանդիպումը, ԱԳ նախարարները բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել: «ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը կանցնի Սլովակիայում: Հուսով եմ, որ 2020 թվականն ավելի արդյունավետ կլինի, քանի որ հակամարտության շուտափույթ կարգավորումը շահավետ է Ադրբեջանին, և վստահաբար, բխում է նաև Հայաստանի շահերից»,-ասել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում բնակչության տոկոսային հարաբերակցությունը հօգուտ ադրբեջանցիների միտումնավոր փոխելու նպատակադրված քաղաքականություն է իրականացվել: Նա այդ մասին ասել է Սումգայիթի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում:

«Մեծն Հեյդար Ալիևի օրոք ադրբեջանական բնակչության տոկոսակային հարաբերակցությունը Լեռնային Ղարաբաղում կտրուկ աճել է՝ կնկնապատկվել»,-ասել է նա

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---