Փաշինյան. 1.5 տարում լուծել ենք արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները

Փաշինյան. 1.5 տարում լուծել ենք արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ իր բացման խոսքում ասել է, որ վերջին 1.5 տարվա ընթացքում հաջողվել է լուծել արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները:

«Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը կարողացել է այդ թվում դիրքավորվել, մեր ընթացիկ պատկերացումներին, մեր ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում»,-ասել է նա:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է հեղափոխությունից հետո 1.5 տարվա ընթացքում Հայաստանի զարգացման ուղղությամբ տարբեր ոլորտներում գրանցված արդյունքներին։

«Մենք առաջիկայում պետք է ավելի շատ ժամանակ տրամադրենք ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքների վրա: Ինչո՞ւ հիմա: Իհարկե, մեր կառավարության ձևավորման հենց առաջին օրից մենք ռազմավարական պատկերացումների շուրջ շատ ակտիվ աշխատանք ենք արել: Հիմա կարող ենք արձանագրել, որ ավարտել ենք անցումային կառավարման տրամաբանությամբ մեր աշխատանքը, որովհետև գիտեք, որ 2018 թվականի հեղափոխական փոփոխություններից հետո այդ փուլն անխուսափելի էր, և մենք պետք է որոշակի անցումային շրջան ունենայինք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, ոչ միայն լուծել են տնտեսության կայունացման հարցը հեղափոխությունից հետո, այլև դրել են կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը:

«Հաջորդ կարևոր արձանագրումը, որ պետք է անեմ, հետևյալն է. մեզ հաջողվել է, և դա այլևս իրողություն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունությունը և ապահովել ժողովրդավարական կայունությունը տևականորեն և արձանագրել, որ այդ կայունությունը հիմնված է ՀՀ ժողովրդի վստահության քվեն ունեցող քաղաքական իրողությունների վրա, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի պատկերացումներին համապատասխան քաղաքական իրողություններ արձանագրելու կարողության վրա:

Շատ կարևոր է, որ մենք նաև արձանագրենք, որ, ըստ էության, 2018-ին ՀՀ կառավարման պատասխանատվությունն ստանձնել ենք սահմանադրական տրանսֆորմացիայի ժամանակաշրջանում և պետք է արձանագրենք, որ այդ սահմանադրական տրանսֆորմացիան՝ կառավարման կիսանախագահական համակարգից դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, այլևս կայացած իրողություն է:

Բայց շատ կարևոր է որպես այս ամենի ամփոփում ասել, որ 1.5 տարվա պրոցեսները՝ թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, թե՛ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով, ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերին»,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ եկել է մի շրջան, երբ ռազմավարությունները պետք է՝ որպես ինստիտուցիոնալ փաստաթղթեր, դրվեն կառավարության հետագա գործունեության հիմքում:

«Հետևաբար, մենք այս փուլում պետք է արդեն ամփոփենք մեր ռազմավարական պատկերացումները, և մենք՝ որպես կառավարություն, նաև հանրությանը պիտի առաջարկենք այն տրամաբանությունը, թե 5, 10, 20, 30 տարի հետո և եթե հնարավոր է, ավելի շատ Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի երկիր պետք է լինի մեր պատկերացմամբ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---