Կարապետյան. Ծառուկյանի միջնորդությամբ ներդրումային առաջարկի փաստաթուղթ քաղաքապետին չի ներկայացվել

Կարապետյան. Ծառուկյանի միջնորդությամբ ներդրումային առաջարկի փաստաթուղթ քաղաքապետին չի ներկայացվել

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջնորդությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպած մեծահարուստները ներդրումային որևէ առաջարկ փաստաթղթային տարբերակով չեն ներկայացրել:Այդ մասին ասել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ պարզաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հայտարարությունը «հիասթափված ներդրողների մասին», հայտնում է «Հայկական ժամանակը»:

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգը և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում, նրանք անձամբ հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Նպատակ են ունեցել Երևանում կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց կառուցել, ինչպես նաև երկու հյուրանոց:«Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել ու իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,- նշել է Ծառուկյանը:

«Ես գիտեմ, որ պարոն Գագիկ Ծառուկյանի առաջարկով քաղաքապետի աշխատասենյակում ամիսներ առաջ տեղի է ունեցել հանդիպում: Նման կարգի հանդիպումներ տարբեր պոտենցիալ ներդրողների կամ հետաքրքրված անձանց հետ տեղի են ունենում, և անկախ նրանից, թե ով է հանդիպման մասնակիցը (ամենայն հարգանքով) և անկախ նրանից, թե ինչպիսի տիտղոս է կրում կամ ինչպիսի ծագումնաբանություն ունի, քաղաքապետարանը ու մասնավորապես քաղաքապետը վերաբերվում է ՀՀ օրենսդրությանը և Երևանի զարգացման պատկերացումներին համապատասխան»,-ասել է Կարապետյանը:

Նա մեկ անգամ ևս հավելել է, որ որևէ կոնկրետ, գործնական, փաստաթղթավորված առաջարկ, նախագիծ քաղաքապետարանը չի ստացվել: «Խոսվում է ինչ-որ հիասթափությունների մասին: Ես չեմ ուզում մտնել որևէ մեկի էմոցիոնալ աշխարհի մեջ և գնահատել նրա զգացմունքները, համենայնդեպս, եթե մարդիկ լուրջ են տրամադրված և իսկապես մտադիր են ներդրումներ անել ու կառուցապատում իրականացնել Երևան քաղաքում, նրանք որևէ խոչընդոտ չեն կարող ունենալ: Նրանց գործողություններ կարող են սահմանափակվել միայն և բացառապես ՀՀ օրենդրությամբ: Այնպես որ, ես էմոցիոնալ զեղումները այստեղ տեղին չեմ համարում: Տասնյակ և հարյուրավոր կառուցապատողներ հյուրանոց կառուցողներ, բնակելի, ֆունկցիոնալ շինարարություն կատարող մարդիկ շատ նորմալ, գործնական հարաբերությունների մեջ են Երևանի քաղաքապետարանի հետ: Եվ նրանց կարող է միանալ ցանկացած ոք՝ լինի դա Արաբական Միացյալ Էմիրություններից, Հայաստանի Հանրապետությունից, ցանկացած ծագման, կրոնի, աշխարհընկալման տեր մարդ»,-ասել է խոսնակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---