14 նոյեմբերի 2008 - 17:14 AMT
ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը առավել իրական է
ԱՄՆ նոր վարչակազմի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը առավել իրական է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Բանը նրանում է, որ եւ նախագահ Բարակ Օբաման, եւ փոխնախագահ Ջո Բայդենը ակտիվ կերպով ներգրավված էին Կոնգրեսի հայանպաստ գործողությունների մեջ, ուստի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Օբամայի հայտարարությունը նորմալ երեւույթ է: Այդ որոշման ընդունման համար նախապայմանները ներկայումս շատ են: Ճիշտ է, չի կարելի ստույգ ասել, թե դա երբ տեղի կունենա. տարբեր ժամկետներ են առաջարկվում, հստակ` ապրիլ ամսին: Դեռեւս դժվար է ինչ-որ որոշակի բան ասել»,- ասել է Սաֆրաստյանը:

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, հնարավոր է, որ 2009թ. սկզբին ԱՄՆ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Բայց մենք արդեն սկսել ենք աշխատել դա կանխելու ուղղությամբ: Մենք կապի մեջ ենք գտնվում Օբամայի եւ Բայդենի խորհրդականների հետ, եւ մեզ համար պարզ է, թե որքան զգայուն է այդ հարցը»,- հաղորդել է Թուրքիայի ԱԳ բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացավ անհայտ մնալ: