ԵԱՀԿ ՄԽ կոչը՝ Երևանին և Բաքվին. Բանակցել առանց արհեստական ձգձգման ու պայմանների

ԵԱՀԿ ՄԽ կոչը՝ Երևանին և Բաքվին. Բանակցել առանց արհեստական ձգձգման ու պայմանների

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ հավատարմություն հայտնելով միջնորդությանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում:

Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են արել կողմերին բովանդակային բանակցություններ վարել ըստ էության, առանց արհեստական ձգձգման կամ պայմանների:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են գնահատում բռնության հարաբերական ցածր մակարդակը շփման գծում և սահմանին և երախտագիտություն են հայտնում կողմերին սրման ռիսկերի նվազեցման նպատակով կապի ուղիղ կանալների օգտագործման համար, ինչպես պայմանավորվել էին ԱԳ նախարարները 2019-ի հունիսին Վաշինգտոնում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ: Նրանք նաև ողջունում են հումանիտար միջոցների իրականացմանն ուղղված ջանքերը, որոնք ղեկավարները քննարկել են մարտին Վիեննայում հանդիպման ժամանակ և մշակվել ԱԳ նախարարների կողմից ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպմանը՝ մասնավորապես, վերջերս տեղի ունեցած լրագրողների փոխայցերն ու կալանավորված անձանց միաժամանակյա ազատ արձակումը հունիսի 28-ին:

«Նշելով, որ նման ջանքերը կարևոր դերակատարություն ունեն խաղաղ կարգավորման առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի ձևավորմանը, 3 համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում լրացուցիչ կոնկրետ մարդասիրական և անվտանգությանն ուղղված միջոցներ ձեռնարկել:

Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները նաև կոչ են անում կողմերին անհետաձգելի կոնկրետ քայլեր ձեռնարկել հումանիտար և անվտանգային միջոցների վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Հաշվի առնելով զոհվածների հարազատների սարսափելի տառապանքները՝ կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերը՝ աջակցելով ԿԽՄԿ-ին անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակման գործում, ինչպես այդ մասին հայտարարել են երկու ղեկավարները 2014-ին Փարիզում կայացած գագաթնաժողովում: Գնահատելով գործող նախագահի անձնական ներկայացուցչի զգալի ավանդը հրադադարի ռեժիմի պահպանման գործում, մենք նշում ենք ԵԱՀԿ դիտարկման առաքելության ընդլայնման վերաբերյալ երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են 2016-ին:

Մենք ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների, համանախագահերի հովանու ներքո, 2020-ի սկզբին կրկին հանդիպելու մտադրությունը՝ ակտիվացնելու համար բանակցությունները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային հարցերի շուրջ և աջակցել ամենաբարձր մակարդակով հետագա բանակցություններին»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին անգամ հայտարարում են, որ արդար և երկարաժամկետ կարգավորումը պետք է հիմնված լինի, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ժողովրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա՝ հղում անելով 2009թ. համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությանը ԵԱՀԿ ԱԳՆԽ Աթենքի նիստում, որը հետագայում հավանության է արժանացել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից:

«Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է և հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ: Ուստի, կոչ ենք անում կողմերին բովանդակային բանակցություններ վարել ըստ էության, առանց արհեստական ձգձգման կամ պայմանների: Պատվիրակությունների ղեկավարները վստահություն են հայտնում որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը շարունակում է մնալ կայուն կարգավորմանն ուղղված ջանքերի անփոխարինելի կենտրոնը: Մենք կոչ ենք անում կողմերին համագործակցել միմյանց և Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց կհանձնարարենք շարունակել միջնորդական ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---