ԱՆ. Պյեռլուիջի Կոլինա անուն ազգանունով որևէ մեկը ՀՀ-ից երեխա չի որդեգրել

ԱՆ. Պյեռլուիջի Կոլինա անուն ազգանունով որևէ մեկը ՀՀ-ից երեխա չի որդեգրել

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով որոշ լրատվականներում նախկին հայտնի իտալացի մրցավար Կոլինայի կողմից ՀՀ-ից երեխա որդեգրելու լուրերին, հայտարարել է, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Հիմք ընդունելով 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի լրատվության միջոցներով հրապարակված ֆուտբոլային նախկին մրցավար, ներկայում ՈՒԵՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ և Իտալական մրցավարների ասոցիացիայի խորհրդատու Պյեռլուիջի Կոլինայի վերաբերյալ հայտարարությունը՝ առ այն որ վերջինս երեխա է որդեգրել Հայաստանի Հանրապետությունից և այն էլ հանցավոր ճանապարհով, պաշտոնապես տեղեկացնում ենք. Արդարադատության նախարարությունը երբևէ Իտալիայի Հանրապետության կենտրոնական մարմնից չի ստացել Պյեռլուիջի Կոլինայի դիմումը Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու մտադրությամբ: Նշվում է, որ «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որևէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ վերջին ժամանակաշրջանում որոշ լրատվական միջոցներ, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված անմեղության կանխավարկածը, իրենց հրապարակումներում կամ քննարկումներում իրենց թույլ են տալիս մեղադրել օտարերկրյա քաղաքացիներին այն հանցավոր արանքների մեջ, որոնց քննարկումը դեռևս գտնվում է իրավապահ մարմինների քրեական վարույթում:

Ընդ որում, լրատվական որոշ միջոցներ իրենց իրավունք են վերապահում ներկայացնել կոնկրետ անձանց անուններ՝ մեղսագրելով վերջիններիս հանցավոր արարքների կատարում՝ առանց դատարանի վճռի հրապարակման:

Ստեղծված իրավիճակը Արդարադատության նախարարությունը համարում է անթույլատրելի և բարոյական և իրավական տեսանկյունից:

Նշվում է, որ նման ապատեղեկատվության տարածումը հարիր չէ քաղաքակիրթ իրավական պետությանը և կարող է վնասակար բնույթ կրել միջպետական հարաբերությունների համար: Հետևաբար, բոլոր լրատվական միջոցներին խնդրում ենք հնարավորինս զգոն վերաբերմունք ցուցաբերել երեխաների որդեգրման գործընթացը քննարկելիս կամ լուսաբանելիս:

Միաժամանակ, Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ երեխայի որդեգրման գաղտնիքը որդեգրողի կամքին հակառակ հրապարակելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան ՀՀ օրենսդրության խախտմամբ հայ երեխա որդեգրողների թվում է:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018 թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---