ՊԵԿ. Աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ներմուծելու հնարավորություն է ստեղծվում՝ ղեկի տեղաբաշխումը փոխելու նպատակով

ՊԵԿ. Աջ ղեկով տրանսպորտային միջոցներ ներմուծելու հնարավորություն է ստեղծվում՝ ղեկի  տեղաբաշխումը փոխելու նպատակով

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է` դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով լրացում է կատարվել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1359-Ն որոշման մեջ: Արդյունքում, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հնարավորություն է ստեղծվում «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում ՀՀ ներմուծել նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ` դրանք վերամշակելու, ղեկային տեղաբաշխումը փոխելու և հետագայում` «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակով:

Սահմանային անցումային կետում լրացված տարանցման հայտարարագրի հիման վրա՝ տրանսպորտային միջոցները Գյումրիի մաքսատուն (իսկ հայ-իրանական սահմանով ժամանման դեպքում՝ Սիսիանի մաքսատուն) տեղափոխվելուց հետո հայտարարատուն ներկայացնում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի համար հայտարարագիր և ձևակերպման համար վերամշակման թույլտվություն: Վերջինս ստանալու նպատակով հայտարարատուն պետք է դիմի Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչություն (կամ Սիսիան քաղաքում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչություն)՝ նշելով նաև ղեկի տեղաբաշխման փոփոխության համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետը, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Հարկ է հիշել, որ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնված ավտոմոբիլների շահագործումը արգելվում է: Այդ ընթացքում ավտոմեքենան պետք է տնօրինվի բացառապես դրա ղեկային տեղաբաշխումը փոխելու նպատակով: ՀՀ ոստիկանության կողմից կիրականացվեն օրինախախտների հայտնաբերման համար ուժեղացված հսկողություն, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

ՊԵԿ-ը տեղեկացնում է նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի հունվարի 1-ից փոփոխվելու են տրանսպորտային միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը, ուստի 2019 թվականին ՀՀ ներմուծված և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ավտոմոբիլների համար հարկավոր է նաև ներկայացնել նախնական հայտարարագիր՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս պարագայում 30 օրվա ընթացքում վերամշակման գործողությունները ավարտելուց հետո արդեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխված ավտոմեքենան մաքսային մարմիններին բացթողնման ներկայացնելու դեպքում կկիրառվեն նախնական հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը:

Հետագա խնդիրներից խուսափելու համար շատ կարևոր է գիտակցել, որ նախնական հայտարարագիրը ներկայացնելու օրվանից հաշվարկված 30 օր հետո կկիրառվեն 2020 թվականի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը, այսինքն՝ ավելի բարձր դրույքաչափեր։

Կարևոր է նաև իմանալ, որ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» ընթացակարգը, ինչպես նաև նախնական հայտարարագրումը ավարտվում են ապրանքային հայտարարագրի ներկայացմամք, ինչն իրենից ենթադրում է ճանապարհածախսի և ապահովագրության գումարների ավելացում մաքսային արժեքի հաշվարկման ժամանակ»,-ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---