Փոխվարչապետ. Մեքենայի ղեկը փոխելը բարդ խնդիր է, բայց պետք է լուծում գտնել

Փոխվարչապետ. Մեքենայի ղեկը փոխելը բարդ խնդիր է, բայց պետք է լուծում գտնել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աջ ղեկով մեքենաների ներկրման կարգում կատարված փոփոխություններին, ասել է, որ ղեկը փոխելը տեխնիկապես բարդ խնդիր է, բայց պետք է անպայման լուծումներ գտնել:

Հայաստանի կառավարության դեկտեմբերի 5-ին որոշմամբ կրկին թույլատրվում է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով:

«Տեխնիկական գործողություն է իրականացվում տրանսպորտային միջոցի վրա, ինչն ինքնին պարունակում է վտանգներ: Եթե փոփոխություններ չարվեն մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, պոտենցիալ հանրային վտանգ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով էր պայմանավորված այդ փոփոխությունը, հայտնում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ այդ իմաստով բացառություն է արվել, ժամկետ տրամադրվել, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում:

Նրա խոսքով, միաժամանակ օրակարգում մնացել է մի խնդիր, որի վրա պետք է աշխատեն. այդ տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում, ինչպես պետք է իրականացվի որպեսզի լինի անվտանգ: «Տեխնիկապես բարդ խնդիր է, սովորական երևույթ չէ ղեկի տեղափոխումը, բայց պետք է անպայման լուծումներ գտնել»,- ասաց փոխվարչապետը:

Նա նշել է, որ իր հիշելով երեք ամիս ժամանակ է տրվում ղեկի տեղափոխություն իրականացնելու համար, բայց ընդգծել, որ խոսքը վերաբերում է ոչ թե այն հանգամանքին, որ կարելի է այդպես շահագործել, այլ ուղղակի հնարավորություն է ընձեռվել, որպեսզի այդ մեքենաների տեխնիկական վերափոխումներն իրականացվեն Հայաստանի տարածքում, որից հետո նոր շահագործվեն:

ՊԵԿ հայտարարության մեջ ասվում էր, որ հետագա խնդիրներից խուսափելու համար շատ կարևոր է գիտակցել, որ նախնական հայտարարագիրը ներկայացնելու օրվանից հաշվարկված 30 օր հետո կկիրառվեն 2020 թվականի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը, այսինքն՝ ավելի բարձր դրույքաչափեր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---