Թուրքագետ. Մայր Աթոռի և Պոլսի Պատրիարքարանի հարաբերությունները պետք է նրբորեն կառուցվեն

Թուրքագետ. Մայր Աթոռի և Պոլսի Պատրիարքարանի հարաբերությունները պետք է նրբորեն կառուցվեն

PanARMENIAN.Net - Պոլսի Հայոց Պատրիարքարանը կատարում է ոչ միայն հոգևոր այլ նաև քաղաքական դերակատարում և Էջմիածնի հետ հարաբերությունները պետք է նրբորեն կառուցվեն՝ չվնասելով Պատրիարքարանին և տեղի հայությանը:

Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ պատասխանելով Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի՝ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու և դրան հաջորդող հետագա զարգացումների մասին հարցին:

Գեղամյանի խոսքով՝ վերջին տարիներին փաստացի առանց Պատրիարքի գործող (Պատրիարք Մութաֆյանը անգործունակ էր հիվանդության պատճառով) հոգևոր կառույցի առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացել, որոնք ազդում են ոչ միայն եկեղեցական, այլ նաև համայնքային կյանքի վրա:

Նրա խոսքով՝ այս պահին Պոլսի Պատրիարքարանը միակ օղակն է և միակ ուժը՝ իրականացնելու հայապահպանության հարցերը, համակարգելու հայ համայնքի գործունեությունը, հոգալու Թուրքիայի տարածքում գտնվող մշակութային ժառանգության պահպանման մասին:

«Ինչպես հասկանում ենք, պատասխանատու և գործունյա ղեկավարի բացակայությունը համակարգային տեսանկյունից առաջացնում էր խնդիրներ: Պատրիարքի ընտրությունն այդ առումով շատ կարևոր է: Բացի այդ, հաշվի առնելով նաև այն պարզ հանգամանքը, որ Պոլսո Հայոց պատրիարքը ոչ միայն հոգևոր առաջնորդ է, այլ նաև մի շարք առումներով քաղքաքական գործիչ է, Հայաստանի ներկայացուցիչ: Թուրքիայում ապրող հայության համար կարևոր է, որ լինի մեկն, ով պատասխանատվություն կվերցնի համայնքի համար՝ թուրքական պետության առջև ու նաև այլ հարցերում»,- ասաց Գեղամյանը:

Թուրքագետի խոսքով, չնայած նրան, որ Պոլսի Պատրիարքարանը Մայր Աթոռի Նվիրապետական Աթոռներից մեկն է և համեմատաբար ավելի մեծ ինքնուրույնություն ունի ներքին գործերում, սակայն, Մայր Աթոռի միջամտությունը և հարաբերությունների կառուցումը պետք է իրականացվեն նրբորեն՝ որևէ կերպ չվնասելով հայությանը և Պոլսի Հայոց Պատրիարքությանը:

«Կաթողիկոսի շնորհավորանքը նշանակում է, որ էջմիածինն ուշ-ուշով հետևում է Պատրիարքի ընտրությանը և բնականաբար անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկում է՝ Պատրիրաքության միջոցով հայկական համայնքի կայուն պահպանման համար»,- նշեց Գեղամյանը:

Անդրադառնալով տեղի հայ համայնքի տրամադրվածությանը՝ Վարուժան Գեղամյանը նշեց, որ Պատրիարքի ընտրություններին նախորդած գործընթացներում որոշակի դժգոհություններ կային՝ կապված Թուրքիայի կողմից պարտադրված՝ սահմանափակ քանակով թեկնածուների առաջադրման հետ:

«Համայնքի հոգևոր, քաղաքական և հասրակական որոշ շրջանակներ նաև նույնիսկ կոչեր են հնչեցրել ընտրությունը բոյկոտելու, Պատրիարքին չճանաչելու մասին: Սակայն ի վերջո մեծամասնությունն ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին»,- ասաց Գեղամյանը:

Սահակ եպս․ Մաշալյանը Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել դեկտեմբերի 12-ին: Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքներն է հղել Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին՝ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---