ՀՀ կժամանեն միջազգային կինոարտադրության անվանի կինոգործիչներ

ՀՀ կժամանեն միջազգային կինոարտադրության անվանի կինոգործիչներ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-15-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնը կազմակերպում է «Կինոարտադրողների համահայկական ֆորում» միջոցառումը: ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ, որոնք կհանդիպեն Հայաստանում կինոոլորտի պատասխանատուների, կինոարտադրողների, կինոգործիչների հետ և կմասնակցեն քննարկումներին:

Ֆորումի նպատակն է միջազգայնացնել հայկական կինոարտադրանքն ու կինոժառանգությունը, ամրապնդել և ընդլայնել միջազգային համագործակցությունը, խթանել մասնագիտական փորձառությունն ու կրթությունը, ձևավորել ժամանակակից մտածողություն՝ համաշխարհային կինոարտադրությանն ինտեգրվելու համար, հայտնում է Ազգային կինոկենտրոնը:

Ֆորումի օրակարգում ներառված են մասնագիտական դիսկուրսներ՝ Հայաստանում եղած կինոարտադրության ռեսուրսների, համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների, միջազգային համագործակցության, կրթական մեթոդների մրցունակության, հայկական կինոարտադրանքի տարածման վերաբերյալ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Կինոարտադրողների Համահայկական Ֆորում»-ի շրջանակներում կներկայացվեն 2019-ին պետական աջակցություն ստացած, զարգացման և արտադրական փուլի լիամետրաժ կինոնախագծերը՝ հավելյալ ֆինանսական միջոցներ և հեռանկարային համագործակցություն գտնելու նպատակով, ինչպես նաև «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին»-ին ծրագրով կներկայացվեն անկախության տարիներին տպագրված, էկրանավորման ներուժ ունեցող գրական ստեղծագործություններ՝ հայ գրականության հանրահռչակման և միջոլորտային գրականություն-կինոարտադրություն կապերի խթանման նպատակով:

Կինոնախագծերի և գրական գործերի ներկայացման հարթակներին (pitching) կհրավիրվեն մշակութային ֆոնդերի, բանկերի, ֆիլմարտադրող ընկերությունների, հեռուստատեսությունների, կապի օպերատորների և այլ կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ: Ֆորումի հանդիպումներն ու քննարկումները բաց են աուդիովիզուալ ոլորտում գործող բոլոր ներկայացուցիչների համար: Սա գերազանց հնարավորություն է նոր կապերի ձեռքբերման, միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գիտելիքների արդիականացման համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---