Ներկայացուցիչների պալատում կքննարկեն Թրամփի իմպիչմենտի հարցը

Ներկայացուցիչների պալատում կքննարկեն Թրամփի իմպիչմենտի հարցը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեբատներ կանցկացվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը ենթադրող օրինագծի շուրջ: Քննարկումները 6 ժամից ավելի չեն տևի: Նման որոշում է կայացրել Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի կոմիտեն 9 ժամ քննարկելուց հետո:

Թրամփին մեղադրում են 2՝ իշխանությունը չարաշահելու և օրենսդիրների աշխատանքին խոչընդոտելու հոդվածներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Եթե դեմոկրատների հսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների պալատը քվեարկի Թրամփի իմպիչմենտի օգտին, հարցը կքննարկվի Սենատում: Թրամփին դատապարտելու և իշխանությունից հեռացնելու համար կպահանջվի սենատորների քվեների երկու երրորդից ավելին, սակայն այժմ հանրապետական մեծամասնությունը մտադիր չէ քվեարկել Թրամփի դեմ:

Թրամփը հրաժարվել է գործակցել Ներկայացուցիչների պալատի հետաքննության հետ, որը վարում են դեմոկրատները, սակայն, հույս է հայտնել, որ Սենատում գործընթացն ազնիվ կլինի:

Դեմոկրատները իմպիչմենտի գործընթաց են սկսել Թրամփի դեմ՝ կասկածներ հայտնելով, որ նա Ուկրաինային ռազմական օգնության դիմաց աջակցություն է պահանջել իր քաղաքական ընդդիմախոս Ջո Բայդենի և նրա որդու դեմ հետաքննության գործում: Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանություններից միայն կոռուպցիայի դեմ պայքար է պահանջել:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատմության մեջ միայն 2 անգամ է իմպիչմենտ հայտարարվել՝ 1868-ին Էնդրյու Ջոնսոնին և 1998-ին Բիլ Քլինթոնին: Սենատը երկուսին էլ արդարացրել է: Թրամփն ԱՄՆ 45-րդ նախագահն է և մտադիր է 2020-ին վերընտրվել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---