Գրիգորյան. Ռուբեն Հայրապետյանի աջակցությունն ինձ վնասեց

Գրիգորյան. Ռուբեն Հայրապետյանի աջակցությունն ինձ վնասեց

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի աջակցող հայտարարությունները վնասել են ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանի ընտրությանը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Լոռի» ակումբի նախագահ, ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դեկտեմբերի 23-ին 6 ձայնի առավելությամբ ՀՖՖ նախագահ է ընտրվել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նրա օգտին քվեարկել է 13 հոգի, Գրիգորյանի օգտին քվեարկել է 7 հոգի:

«Ինձ երկու ՀԿ-ներ ասեցին, որ այդ հարցազրույցներից, այդ խոսքերից հետո այլևս ինձ չեն սատարում: Ոչ թե գաղտնի, այլ տղամարդ եղան ու անմիջական ասացին, որ չեն սատարելու ինձ»,- ասել է Գրիգորյանը՝ իր ու Հայրապետյանի մտերմության մասին հրապարակումները համարելով կեղծ և շինծու օրակարգ:

Գրիգորյանը նշել է, որ ինքը ֆուտբոլային գործիչ է և չի կարող ՀՖՖ նախագահի հետ հարաբերություններ ունեցած չլինել:

«Քարոզարշավի ընթացքում առաջին 5 օրը խոսում էի, թե ինչ կապ ունեմ Վանեցյանի հետ, հաջորդ 10 օրը՝ Ռուբեն Հայրապետյանի: Այսօր ընտրվել է Մելիքբեկյանը, և նա չի կարող ինձ հետ գործ չունենալ: Կարող է10 տարի հետո ասեք՝ ես Մելիքբեկյանի ընկերն եմ»,-ասել է Գրիգորյանը:

Անդրադառնալով ՀՖՖ ղեկավարի ընտրությանն ու քվեարկության ընթացքին՝ Գրիգորյանը նշել է, որ Ֆեդերացիայի անդամ ՀԿ-ների մեծամասնությունը, որոնց ձայները կասեցվեցին, քվեարկելու էին իրեն:

«Այնտեղ կար 2 խայտառակ կասեցում՝ «Առնարն» էր և «Ֆուտբոլի զարգացման հիմնադրամը»: Այդ երկուսը ապօրինի էին կասեցվել: 9-ից 7-ը իմ ձայներն էին»,-ասել է Գրիգորյանը:

Թեկնածուն նշել է, որ ինքը շարունակելու է իր գործունեությունը ֆուտբոլում ու կասկած հայտնել, թե որքանով է հեռուստացույցով հաղորդում վարելը համարվում ֆուտբոլային գործունեություն՝ նկատի ունենալով, որ ՀՖՖ ղեկավար ընտրված Արմեն Մելիքբեկյանը ֆուտբոլային նախկին մեկնաբան է:

Ավելի վաղ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ իր աջակցությունն է հայտնում ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանին: Միևնույն ժամանակ, Հայրապետյանը Մելիքբեկյանին մեղադրել էր գողության մեջ,անվանել «չարիք», ծաղրել մաշված կոշիկ հագնելու համար: Մելիքբեկյանն իր հերթին պատասխանել էր Հայրապետյանի վերջին հայտարարությանը՝ համարելով այն «քաղքենիության խայտառակ դրսևորում»: «Գողության» թեմային անդրադառնալով՝ նշել էր, որ ինքը փոխհատուցել է ՀՖՖ-ի կորցրած քարտից ծախսված գումարը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---