Հայաստանում Ա H1N1 գրիպից մարդ է մահացել

Հայաստանում Ա H1N1 գրիպից մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Հայաստանում գրիպից մահվան դեպք է գրանցվել։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը:

Դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը:

Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում, դեռևս 2019-ի դեկտեմբերից, շրջանառվում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Հանրապետության բժշկական կազմակերպություններում, սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևանի մանկական ստացիոնարներին: Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժ:

Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվում է 31 հիվանդ (նախորդ տարվա 50-ի փոխարեն), որոնց մեծ մասը 0-5 տարեկան երեխաներ են։

Նաև ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկում է տարվում կրթական կազմակերպություններում։ Հունվարի 10-ի դրությամբ շեղումներ են գրանցվել 153 դպրոցում և 25 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացվում է համապատասխան շահագրգիռ կառույցներին:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը, ըստ ԱՆ-ի, պատվաստումն է։ Դրանք կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետպատվերի շրջանակում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---