Ինդոնեզիան ՀՀ աջակցությունն է ակնկալում ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման հարցում

Ինդոնեզիան ՀՀ աջակցությունն է ակնկալում ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման հարցում

PanARMENIAN.Net - Ինդոնեզիան ակնկալում է Հայաստանի աջակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Այդ մասին ԱՄԷ-ում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն։

Հայաստանի նախագահն ընդգծել է՝ որքան մեծ ու դինամիկ լինի կազմակերպությունը, այնքան դա շահեկան կլինի անդամ երկրների փոխշահավետ գործակցության ընդլայնման համար։ Արմեն Սարգսյանը նշել է նաև ՀՀ մրցակցային առավելությունները, որոնց շնորհիվ ինդոնեզական ներդրողների համար նոր շուկաներ մուտք գործելու լայն հնարավորություններ կբացվեն։

Երկու երկրի նախագահներն առանձնահատուկ կարևորել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտներում գործակցության ընդլայնումը և փորձի փոխանակումը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը և նշել, որ բազմաբաղադրիչ այս ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ունենալ երեխաների համար նախատեսված «Ապագայի թանգարան» կամ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը»:

Ծրագրի նպատակներից է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության, մեծ ծավալի տվյալների կառավարման և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը: Խոսվել է հիշյալ նախաձեռնության շրջանակում ինդոնեզական ընկերությունների հետ գործակցության հնարավորությունների մասին:

Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում գործակցության հնարավորություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարող է արտահանել բարձրորակ միրգ և բանջարեղեն, ջրային հիմքի վրա պատրաստված արտադրանք ու ապրանքներ, որոնք մրցունակ կլինեն Ինդոնեզիայում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկու երկրի քաղաքացիների փոխայցելությունների և շփումների դյուրացման, զբոսաշրջության խթանման կարևորության, Հայաստանի՝ որպես հետաքրքիր ու պատմամշակութային առումով հարուստ զբոսաշրջային ուղղության մասին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---