ՊԵԿ. Առցանց ապրանք գնելիս ցանկալի է նշել իրական գինը՝ այլապես կարող է մաքսատուն գնալ

ՊԵԿ. Առցանց ապրանք գնելիս ցանկալի է նշել իրական գինը՝ այլապես կարող է մաքսատուն գնալ

PanARMENIAN.Net - 2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել մի շարք մաքսային փոփոխություններ: Ինչպես հայտնում է ՊԵԿ-ը` մաքսային մարմիններն ուժեղացրել են ՀՀ մուտք գործող ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը:

Իր հերթին, բեռնափոխադրման ծառայություն «Գլոբբինգը», օրինակ, զգուշացրել է հաճախորդներին, որ եթե ՀՀ ներկրվող ապրանքի գինը լինի կասկածելի կամ արժեքը չլինի մուտքագրված, ծանրոցը ստանալու համար անհրաժեշտ կլինի մոտենալ մաքսատուն։

Պարզելու՝ արդյոք դա այդպես է, PanARMENIAN.Net -ը դիմեց ՊԵԿ-ին, որտեղ ասացին՝ արժեքը պարտադիր նշելու մասին հորդորելու նախաձեռնությունն իրենցը չէ, ընկերությանն է:

«Բայց, ըստ էության, ընկերությունը ճիշտ կոչ է անում, դա արվում է հօգուտ քաղաքացիների: Եթե գինը չնշվի, ՊԵԿ-ն ինքնուրույն է գնահատելու ապրանքը՝ իր հատուկ համակարգով, հաշվի առնելով շուկայական արժեքները: Ուստի ավելի լավ է, որ մարդիկ որևէ բան առցանց պատվիրելիս իրենք նշեն իրական արժեքը», - հայտնեցին ՊԵԿ-ից:

ՊԵԿ-ում հավելեցին նաև, որ նշված 200 եվրոյի սանդղակն ակնհայտորեն չգերազանցող արժեքով ապրանքների դեպքում գինը կարելի է չնշել, այդ դեպքում մաքսայինում որևէ խնդիր չի առաջանա:

2020-ի հունվարի 1-ից փոփոխություններ կատարվեցին անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում: Այսպիսով՝ ԵԱՏՄ տարածք և, մասնավորապես, Հայաստան առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ապրանք կարելի է ներկրել, եթե դրա արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը (միջազգային փոստային առաքանու դեպքում՝ համաքաշը (բրուտտոն)) չի գերազանցում 31 կիլոգրամը:

Եթե ապրանքի ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվի մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---