Արմեն Սարգսյան. Երբ գումար ունեի տիեզերք մեկնելու համար, նախագահ դարձա

Արմեն Սարգսյան. Երբ գումար ունեի տիեզերք մեկնելու համար, նախագահ դարձա

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երազում է տիեզերք թռչել: Այդ մասին նա ասել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում, որտեղ «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովի գլխավոր բանախոսն էր:

«Երբ ես շատ փոքր էի, առաջին մարդը թռավ տիեզերք։ Նրա անունը Յուրի Գագարին էր։ Թվում էր, որ դա գիտական ֆանտաստիկա է։ Ինչպե՞ս կարող է մարդը գնալ տիեզերք։ Սակայն այդ օրվանից ես սկսեցի երազել տիեզերք թռչելու մասին։ Եվ կյանքիս ընթացքում անընդհատ մտածում եմ՝ կկարողանա՞մ իրականացնել երազանքս, թե՞ ոչ... Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք», - ասել է նախագահը:

Նախագահ Սարգսյանի ասում է՝ աշխարհը փոխվում է, բայց մարդկային արժեքների տեսանկյունից այն քիչ թե շատ նույնն է. և պետք չէ վախենալ փոփոխություններից:

«30, 40, 50 տարի առաջ բոլորը վախենում էին, որ համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն իրենց աշխատանքը։ Սակայն համակարգիչները հարյուր միլիոնավոր աշխատատեղեր ստեղծեցին։ Հիմա գալիս է արհեստական բանականությունը, սակայն կարիք չկա անհանգստանալու, քանի որ ձեր բնական, մարդկային բանականությունը միլիոնավոր անգամ ավելի հզոր է, քան որևէ արհեստական բանականություն»,- ասել է նա։

Նախագահը հավելել է նաև, որ պետք չէ վախենալ տեխնոլոգիաներից։

«Միակ բանը, որից պետք է վախենանք, հենց մենք ենք, քանի որ մենք կարող ենք օգտագործել միջուկային էներգիան ինչպես հօգուտ, այնպես էլ՝ ի վնաս... Ուստի իմ ուղերձը ձեզ մեկն է՝ ամենակարևոր արժեքը ձեր մարդկային արժեքներն են, ձեր բարոյականությունն ու ձեր մարդկությունը։ Չվախենաք ոչնչից»,- եզրափակել է նա:

Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ում է աշխատանքային այցով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---